23:44  ,  31 դեկտեմբերի, 2018

2018թ. գլխավոր մարզական իրադարձությունները (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ն ամփոփում է 2018թ. մարզական տարին: Արդեն ներկայացրել ենք հայկական սպորտի գլխավոր նվաճումներն ու տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները: Այժմ ներկայացնում ենք տարվա մյուս կարեւոր իրադարձությունները միջազգային սպորտում:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր

Տարին օլիմպիական էր: Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարին անցկացվեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։

Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե մեդալով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ): Դոպինգի սկանդալի պատճառով օլիմպիական դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը 17 մեդալով (2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ) 13-րդ տեղը գրավեց ընդհանուր հաշվարկում։

Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մրցանակային տեղեր չգրավեցին։  

Հոկեյի Ռուսաստանի հավաքականն՝ առաջին անգամ օլիմպիական չեմպիոն

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ  օլիմպիական չեմպիոն: Եզրափակիչում ռուսները լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեցին Գերմանիայի հավաքականին։ Աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը 1998-ին ռուսները դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

Ռուսաստանցի մարզիկները Փհենչհան-2018-ում հանդես էին գալիս չեզոք դրոշի տակ եւ ներկայացված էին «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն օլիմպիական օղակներն էին: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչում էր օլիմպիական հիմնը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել էր Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Մագնուս Կարլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, 27-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը: Լոնդոնում նոյեմբերին տեղի ունեցած չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում Կարլսենը 3:0 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Երրորդ պարտիայում Կարլսենը սպիտակներով հաղթեց 51-րդ քայլում:

Թայ-բրեյքը նշանակվել էր 12 դասական պարտիաներում միայն ոչ ոքի խաղալուց հետո:
Կարլսենը ստացավ 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը տիտղոսը նվաճել է 2013 թվականին՝ հաղթելով հնդիկ Վիշվանաթան Անանդին: 2014-ին Կարլսենը առաջին անգամ պաշտպանեց տիտղոսը Անանդի հետ մրցամարտում: 2016-ին նորվեգացի գրոսմայստերը չեմպիոնական մրցամարտում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին՝ երկրորդ անգամ պաշտպանելով տիտղոսը:

Արթուր Դալալոյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության գլխավոր հերոսը դարձավ ռուսաստանցի Արթուր Դալալոյանը: Քաթարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերին անցկացված մրցաշարում 22-ամյա հայ մարզիկը նվաճեց բացարձակ չեմպիոնի կոչումն անհատական բազմամարտում:

Ռուսաստանը 1999 թվականից չէր նվաճել այս տիտղոսը: Դալալոյանը նաեւ լավագույնն էր ազատ վարժություններում:

Արտյոմ Դալլաքյանը՝ աշխարհի չեմպիոն

Ուկրաինան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը թեթեւագույն քաշային կարգում:

Փետրվարի ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հայ մարզիկը հաղթեց ամերիկացի Բրայան Վիլորիային:

Հունիսին Կիեւում տեղի ունեցած մենամարտում 30-ամյա Դալլաքյանը պաշտպանեց չեմպիոնական գոտին։ Նրա մրցակիցը Թաիլանդի ներկայացուցիչ Սիրիչաի Թայենն էր (50-4, 35 նոկաուտ)։ Դալլաքյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Նուրմագոմեդով vs Մաքգրեգոր

Տարվա ամենաաղմկահարույց մենամարտը տեղի ունեցավ խառը մենամարտերում: Ultimate Fighting Championship (UFC) չեմպիոնի կոչման համար ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթեց իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն:

Լաս Վեգասում հոկտեմբերին տեղի ունեցած մենամարտում Նուրմագոմեդովը չորրորդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց մրցակցին հանձնվել:

Կարեն Խաչանովը՝ «Մասթերսի» հաղթող

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը առաջին անգամ հաղթանակ տարավ «Մասթերս» շարքում:

Փարիզի մրցաշարի եզրափակիչում 22-ամյա հայ մարզիկը պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Լյուիս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհհի չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճեց բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը: «Մերսեդեսի» մրցարշավորդը եռյակում հետ թողեց «Ֆերարիի» ներկայացուցիչներ, գերմանացի Սեբաստիան Ֆետելին եւ ֆին Կիմի Ռայկոնենին:

Տիտղոսների քանակով Հեմիլթոնը հավասարվեց արգենտինացի Խուան Մանուել Ֆանխիոյին: Ռեկորդակիրը գերմանացի Միխայել Շումախերն է՝ 7 տիտղոս:

Նովակ Ջոկովիչը՝ դարձյալ աշխարհի առաջին ռակետ

Նոյեմբերին 31-ամյա Ջոկովիչը 2 տարվա ընդմիջումից հետո դարձյալ գլխավորեց պրոֆեսիոնալ թենիսիստների համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով իսպանացի Ռաֆայել Նադալին ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: 2000 թվականից հետո առաջին անգամ մրցաշարջանը լավագույն 20-ից դուրս սկսած թենիսիստը բարձրացավ առաջին տեղ:

18 տարի առաջ այդպիսի հաջողություն էր ունեցել ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը մրցաշրջանը սկսել էր համաշխարհային դասակարգման 38-րդ տեղում եւ դարձել էր առաջին ռակետ: Ջոկովիչն այս մրցաշրջանը սկսել էր ATP-ի 22-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում