16:42  ,  30 դեկտեմբերի, 2018

Մրցաշրջան-2018. Հայկական սպորտի նվաճումները

Մրցաշրջան 2018-ը հայկական սպորտում չեմպիոնական ու մեդալային էր: NEWS.am Sport-ն առանձնացրել է տարվա կարեւորագույն հաղթանակներն ու մարզական իրադարձությունները:

  1. Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի չեմպիոն

Հայկական ծանրամարտի «դեմք» դարձած երիտասարդ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը 2018 թվականին Հայաստանին պարգեւեց աշխարհի առաջնության երկար սպասված ոսկե մեդալը:  

Նոյեմբերի 9-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 21-ամյա ծանրորդը երկամարտի 435 կգ արդյունքով եւ երկու աշխարհի ռեկորդով իր անունը ոսկե տառերով գրեց հայկական սպորտի պատմության մեջ՝ 8 տարվա դադարից հետո կրկին Հայաստանին բերելով աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Սիմոն Մարտիրոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Թուրքմենստանում նա իրականացրել է երազանքը՝ նվաճելով իր մեծահասակների մեդալային հավաքածուում պակասող միակ տարիքային խմբի աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Նախորդ անգամ տղամարդկանց հավաքականից աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գ. Մարտիրոսյանը, որը 2010 թվականին Թուրքիայում գրավել էր առաջին տեղը 77 կգ քաշային կարգում։

  1. Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

Թուրքմենստանում ծանրամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց 2016թ. Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Նա աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց +109 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում հավաքելով 450 կգ: 

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականները մեկ տարի որակազրկված էին հակադոպինգային կանոնադրության խախտումների հետեւանքով եւ չէին մասնակցել 2017թ. աշխարհի առաջնությանը։

  1. Մաքսիմ Մանուկյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունում 2017 թ. աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանից հայ մարզասերը սպասում էր աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսը, սակայն ըմբիշը բավարարվեց բրոնզե մեդալով: Աշխարհի առաջնությունից հետո ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը աշխարհի նախկին չեմպիոնի բրոնզե մեդալն արդարացրեց վնասվածքով

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանուկյանը 4:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիի նկատմամբ: Հայ ըմբիշը հաղթական հնարքը կատարեց գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ, երբ հաշիվը 1:1 էր եւ նվաճեց բրոնզե մեդալը:

  1. Արթուր Շահինյանի՝ աշխարհի առաջնության մեդալը

2018 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում փայլեց 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով մարզական կարիերայում առաջին մեդալը նվաճեց մեծահասակների աշխարհի առաջնությունում: 31-ամյա ըմբիշն ԱԱ-ում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, ապա պարտվել 1/8-ում: Սակայն հնարավորություն էր ստացել պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել 22-ամյա ադրբեջանցի Իսլամ Աբասովի նկատմամբ։ Հաղթական գոտեմարտը հիշարժան դարձավ ադրբեջանցի ըմբիշի վարքագծով, քանի որ նա Արթուր Շահինյանին պարտվելուց հետո զայրույթից չկարողացավ զսպել արցունքները:

Ի դեպ, աշխարհի առաջնությում հանդես էր գալիս նաեւ Արթուր Ալեքսանյանը, սակայն վնասվածքի պատճառով բրոնզե մեդալի համար պայքարից հրաժարվեց վնասվածքի պատճառով:

  1. Արթուր Ալեքսանյանի չորրորդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնությունում 97 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը  խոշոր հաշիվներով (9:0, 8:0, 10:0) փայլուն հաղթանակներ տանելուց հետո Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով: Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության առաջին ոսկե մեդալը նվաճել է 2012-ին՝ Բելգրադում, ապա 2013-ին՝ Թբիլիսիում եւ 2014-ին՝ Վանտայում:

  1. Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մաքսիմ Մանուկյանը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ իր մարզական կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 82 կգ քաշայինների պայքարում տանելով 3  փայլուն հաղթանակներ (տուշե, 5:2, 8:0), եզրափակիչում առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 9:0 հաշվով:

  1. Ֆերդինանդ Կարապետյանի ոսկե հաղթանակը ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

13 տարի անց այս տարի Հայաստանը կրկին ունի ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն: Իսրայելի Թել Ավիվում 73 կգ քաշայինների պայքարում Հայաստանի համար տիտղոսը նվաճեց 26-ամյա Ֆերդինանդ Կարապետյանը: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից եւ նվաճեց ոսկե մեդալը:

Վերջին անգամ Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 2005 թվականին Հոլանդիայում կայացած առաջնությունում, որտեղ Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել այժմ ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Արմեն Նազարյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության օրերին՝ ապրիլի 27-ին: Այդ առիթով Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կրկնակի ուրախ է հաղթանակի կապակցությամբ, քանի որ այն նվաճել է հենց հայ ժողովրդի համար կարեւոր օրերին: 

Նշենք, որ Ֆերդինանդ Կարապետյանից ոսկե ակնկալիքներ կային նաեւ այս տարվա ձյուդոյի աշխարհի առաջնությունից, որը կայանալու էր Բաքվում, սակայն Հայաստանի առաջատար ձյուդոիստն այդպես էլ հնարավորություն չունեցավ հանդես գալ ԱԱ-ում, քանի որ Բաքուն Հայաստանի թիմին անվտանգության երաշխիքներ հրաժարվեց տրամադրել:

  1. Բրոնզե հաղթանակ հայկական ջրացատկում

2018 թվականը հաղթական էր հայկական ջրացատկի համար: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ջրացատկորդները մեդալ նվաճեցին: Օգոստոսի 9-ին Էդինբուրգում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը զբաղեցրեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող զույգերին, նվաճելով առաջին բրոնզե մեդալը անկախ Հայաստանի ջրային մարզաձեւերում։

Բրոնզե մեդալով Հայաստան վերադառնալուն պես ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ չունենալով որեւէ նորմալ պայման, Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալը համարում է պատմական արդյունք:

  1. Կարեն Ասլանյանն՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը 2018 թվականին նվաճեց իր մարզական կարիերայի առաջին մեդալը մեծահասակների կազմում: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշայինների պայքարում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ  նվաճեց՝ եզրափակչում 7:2 հաշվով հաղթելով լեհ Դավիդ Կարեցինսկուն:

  1. Էդգար Ստեփանյանը՝ հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար 2018 թվականը մեդալառատ էր: Հաջողությունների գագաթնակետը Շվեյցարիայում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունն էր: Էդգար Ստեփանյանը ոսկե մեդալ նվաճեց խմբակային վազք միավորներով մրցաձեւում (40 կմ, 200 շրջան)՝ հավաքելով 98 միավոր: Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի երիտասարդական չեմպիոն դարձել էր 2015-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էդգար Ստեփանյանը նշել էր, որ Հայաստանի համար պատմական է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, հեծանվասպորտում այսպիսի արդյունքներ ունենալն ու օլիմպիական ուղեգրին այսքան մոտ լինելը: 

  1. Արթուր Թովմասյանի հաջողությունը սպորտային մարմնամարզության ԱԱ-ում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի համար 2018 թվականը մեդալային չէր, սակայն այս տարի հայ մարմնամարզիկները պատմական հաջողություններ ունեցան: Նոյեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում նախ՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միանգամից 3 հայ մարմնամարզիկներ՝ Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, դուրս եկան եզրափակիչ:   

Օղակների վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալին շատ մոտ էր Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Հայաստանի ներկայացուցիչը չնչին միավորներով ձեռքից բաց թողեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, այն զիջելով Իտալիայի ներկայացուցչին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ափսոսանք հայտնեց մեդալը բաց թողնելու համար, բայց բարձր գնահատեց աշխարհի առաջնության 4-րդ տեղը հայկական մարմնամարզությունում: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում