19:44  ,  28 դեկտեմբերի, 2018

Կրիստիան Բաուեր. Հավանաբար, Յանա Եգորյանն արդեն ուշացել է Տոկիո-2020-ից

Թրամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր Կրիստիան Բաուերը հայտարարել է, որ 2016թ. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը շատ ժամանակ է կորցրել Ռիոյի Խաղերից հետո եւ չի հասցնի պատրաստվել 2020թ. Օլիմպիական խաղերին:

«Օլիմպիական խաղերից հետո մենք կորցրեցինք կապը նրա հետ: Նա երեք-չորս ամիս չէր մարզվում, ժամանակն անցկացնում էր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Հիմա չգիտեմ, թե նա ինչ մոտիվացիա ունի, ինչով է ցանկանում զբաղվել: Յանան շատ է փոխվել: Լիարժեք վերադառնալու համար, նա պետք է իջնի երկնքից: Այսօր Եգորյանը կամ Ֆեյսբուքում է, կամ Ինստագրամում է, կամ էլ դիսկոտեկում է: Ես չեմ քննադատում, բայց կողմնորոշվելու ժամանակն է:

Ես արդեն 40 տարի սուսերամարտում եմ եւ գիտեմ, որ Օլիմպիական խաղերից հետո մեկ տարով կորցնում եմ մարզիկին: Նրանք զբաղվում են շոու բիզնեսով, հարցազրույցներ են տալիս, մասնակցում են տարբեր միջոցառումների: Բայց Խաղերից երեք տարի առաջ արդեն նա պետք է մտքով եւ մարմնով լինի մարզադահլիճում եւ աշխատի: Կարծում եմ՝ Եգորյան ճիշտ ուղու վրա չէ: Հնարավոր է, արդեն շատ ուշ է: Հավանաբար, նա ուշացել է: Բայց հավաքականում կան ուժեղ մարզուհիներ»,- Բաուերի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Երկու օր առաջ Ինստագրամում Յանա Եգորյանը լուսանկար էր հրապարակել Սոչիից՝ լեռնադահուկորդի հանդերձանքով:

Այս տարվա աշխարհի առաջնությունում Յանա Եգորյանը անհատական պայքարում գրավել էր երրորդ տեղը, Ռուսաստանի թիմի հետ դարձել էր փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում