16:44  ,  27 դեկտեմբերի, 2018

ՀՖՖ-ի նոր ղեկավարությունը Խինես Մելենդեսի նշանակումը համարում է տարվա գլխավոր ձեռքբերումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց ՀՖՖ-ի կողմից նախորդ 3 ամիսներին կատարված աշխատանքները եւ խոսեց ապագա ծրագրերի մասին։

Մելիքբեկյանի խոսքով՝ այս ընթացքում ՀՖՖ-ի գլխավոր ձեռքբերումն էր իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսի նշանակումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում:

«Կարծում ենք՝ գլխավոր ձեռքբերումն առաջին հերթին Խինես Մելենդեսի նշանակումն ու իսպանացի մասնագետների հետ համագործակցությունն էր։ Խինես Մելենդեսը Երեւան կժամանի հունվարին եւ մշտական բնակություն կհաստատի Հայաստանում։ Նրա հետ պայմանագիր է կնքվել «1+1» ձեւաչափով։ 2 տարուց կողմերը կորոշեն՝ շարունակելու են համագործակցությունը, թե՝ ոչ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ փոխնախագահի խոսքով՝ Խինես Մելենդեսի հետ քննարկումների արդյունքում կորոշվեն Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչները։ Իսպանացի մասնագետի առաջարկով, ստեղծվել է նաեւ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքական։

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձավ նաեւ «Ազգային» ստադիոն կառուցելու ծրագրին՝ նշելով, որ նախնական տվյալներով, նախատեսվում է ստադիոնի շինարարական աշխատանքները սկսել 2019 թվականին։

ՀՖՖ առաջին փոխնախագահը հայտնեց նաեւ, որ Խինես Մելենդեսի հետ քննարկումների արդյունքում համաձայնության են եկել, որ հավաքականի մարզիչները կարող են վերապատրաստում անցնել Մադրիդի «Ռեալում» կամ «Աթլետիկոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով