19:56  ,  26 դեկտեմբերի, 2018

Ռոնալդուի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց առաջին պարտությունից (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ խուսափեց առաջին պարտությունից Իտալիայի ընթացիկ առաջնությունում։

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ատալանտային», որը մինչեւ 78–րդ րոպեն հաղթում էր 2։1 հաշվով կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի դուբլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի մեծ մասը «Յուվենտուսն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։

Կրիշտիանու Ռոնալդուն հանգստի հնարավորություն էր ստացել, սակայն երկրորդ գոլը բաց թողնելուց հետո Ալեգրին նրան դուրս բերեց փոխարինման 65–րդ րոպեին, իսկ 78–րդ րոպեին Ռոնալդուն վերականգնեց հավասարությունը՝ 2։2։

«Յուվենտուսը» 16 հաղթանակից եւ 2 ոչ ոքիից հետո 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հռոմի «Լացիոն» մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ եւ 31 միավորով չորրորդ տեղում է՝ 2 միավոր զիջելով մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերին»։

Իտալիայի առաջնություն, 18–րդ տուր

«Ատալանտա» – «Յուվենտուս»՝ 2։2 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 24, 56 – Բերատ Ջիմսիթի, 2, ինքնագոլ, Կրիշտիանու Ռոնալդու, 78

Հեռացում՝ Ռոդրիգո Բենտանկուր («Յուվենտուս), 53, երկրորդ դեղին քարտ

«Բոլոնիա» – «Լացիո»՝ 0։2 (տեսանյութ)

Լուիս Ֆելիպե Ռամոս, 30, Սենադ Լուլիչ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով