23:52  ,  25 դեկտեմբերի, 2018

Լեւոն Ջուլֆալակյան. Այս տարին բոլոր հավաքականների համար հաջող էր

8 մեդալ խոշոր մրցաշարերից. մրցաշրջանը հաջողված էր հունահռոմեականների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Երեւանի «Միկա» մարզահամալիրում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է 72 ըմբիշ:

«Սա ոչ թե Հայաստանի առաջնություն էր, այլ Հայաստանի գավաթի խաղարկություն, քանի որ մենք 2018 թվականի առաջնություն անցկացրել էինք: Ելնելով մեր հաջորդ տարվա ծանրաբեռնվածությունից, որոշվեց անցկացնել Հայաստանի գավաթի խաղարկություն եւ ձեւավորել Հայաստանի հավաքականը: Մեզ պետք էր նախօրոք ձեւավորել հավաքականը, քանի որ 2019-ին ունենք ծանրաբեռնված գրաֆիկ՝ Եվրոպայի առաջնություն, Եվրոպական խաղեր եւ, ամենակարեւորը, օլիմպիական վարկանիշային միավորներ տվող աշխարհի առաջնություն:

Հայաստանի գավաթի խաղարկութունում գոհ եմ երիտարդների մասնակցությունից: Ներուժ եմ տեսնում երիտասարդների մոտ, եւ լավ աշխատանքի ու ճիշտ մոտեցման դեպքում դրական արդյունք կլինի:

Այս տարի կրկին քիչ էր մասնակիցների քանակը՝ 72, քանի որ 18 տարեկանից հետո գնում են բանակ: Իրականում, այս տարիքում կորցնում ենք լավ մարզիկների, բայց պետք է կարողանանք պահպանել եղածը: Իսկ դրա համար պետք է  ձեւավորենք լավ հավաքական ու մեծ աշխատանքով հզորացնենք մեր թիմի կազմը:

Գավաթի խաղարկությանը չի մասնակցում Մաքսիմ Մանուկյանը ծանրաբեռնված տարի ունենալու պատճառով, ինչպես նաեւ վնասվածքների, չի մասնակցում Արթուր Ալեքսանյանը, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում բուժման եւ Արսեն Ջուլֆալակյանը վատառողջ լինելու պատճառով: Ովքեր այսօր դուրս եկան եզրափակիչներ, Հայաստանի հավաքականի հիմնական կորիզն են»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Օլիմպիական չեմպիոնն ամփոփեց նաեւ մրցաշրջան 2018-ը:

«Այս տարին բոլոր հավաքականների համար հաջող էր, ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտադարդների եւ պատանիների համար: Բոլոր տարիքային խմբերում մեդալներով ենք վերադարձել մրցաշարերից:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, ընդհանուր հաշվարկով 8 մեդալ ենք նվաճել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Երկու ոսկե մեդալ եւ մեկ բրոնզ Եվրոպայի առաջնությունում, Եվրոպայի Մ-23 առաջնությունում՝ երեք բրոնզ եւ աշխարհի առաջնությունում նվաճած 2 բրոնզե մեդալներով ավարտում ենք տարին:

Ճիշտ է՝ բոլորս մինշտ ոսկուն ենք սպասել, բայց չպետք է երբեք երես թեքենք արծաթից կամ բրոնզից: Տարին համարում եմ գերազանց արդյունքներով»,-նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Նախաօլիմպիական տարին հունահռոմեականները սկսելու են ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով եւ միջազգային մրցաշարերով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով