16:50  ,  25 դեկտեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյանը եւ Մաքսիմ Մանուկյանը՝ տարվա լավագույն մարզիկների պարգեւատրության մասին

2018թ. ծանրամարտ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը տարվա լավագույն մարզիկների պարգեւատրությունից հետո պատմել են տպավորությունների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մաքսիմ Մանուկյան. «Այս պարգեւատրումը շատ կարեւոր է ինձ համար, անկեղծ ասած, սպասում էի այս նվերին: Շատ շնորհակալ եմ այսպիսի մեծ նվերի համար: Ուրախ կլինեմ, որ այսպես շարունակվի եւ գնալով ավելի զարգանա հայկական սպորտը: Սպորտը շատ կարեւոր դեր ունի հայ ազգի համար: Իմ հաջողությունների համար շնորհակալ եմ իմ մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանին, որն իմ մարզական կարիերայի ընթացքում մշտապես եղել է իմ կողքին, եւ իմ մեկ այլ մարզիչ Պետրոս Մկրտչյանին, ինչպես նաեւ հավաքականի մարզիչներին: Շնորհավորում եմ հայ ազգի գալիք Նոր տարին: Ցանկանում եմ, որ այս տարի բոլորը ուրախ լինեն»:

Սիմոն Մարտիրոսյան. «Միայն պետական պարգեւներով մարզիկները չեն կարող կյանքում ինչ-որ բան ստեղծել: ՀԱՕԿ նախագահի պարգեւերը լրացնում են այս վիճակը եւ, իրոք, պարգեւներ հանձնելը մեծ ներդրում է մարզիկներին աջակցելու հարցում: Գիտեմ, որ լավագույն տասնյակի քվեարկության ժամանակ խնդիր էր առաջացել՝ օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի առումով: Առանձնապես ուշադրություն չդարձրեցի դրան, քանի որ իմ գերնպատակը մեդալ նվաճելն է, ինչի համար էլ այդքան մարզվում եմ: Շնորհավորում եմ իմ ամբողջ հայ ազգին գալիք տոների կապակցությամբ: Թող բոլորիս ընտանիքներում իշխի սերն ու խաղաղությունը: Ցանկանում եմ, որ մեր զինվորները հանգիստ ծառայություն անցկացնեն, չլինի պատերազմ, այլ լինի խաղաղ ու անամպ երկինք»:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 25-ին Օլիմպավանում պարգեւատրել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին: 

Նախապես որոշվել էր, որ այս տարի պարգեւատրվելու են ոչ թե Հայաստանի 10 լավագույն մարզիկները, այլ միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոնները, մեդալակիրները եւ Եվրոպայի չեմպիոնները: Նրանց թվում էին՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):

Սիմոն Մարտիրոսյանը եւ Մաքսիմ Մանուկյանը բնակարաններ ստացան Երեւանում, իսկ մյուս 4 մարզիկները ստացան Hyundai մակնիշի մեքենաներ:

Արարողությանը ներկա չէր միայն Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն այս օրերին վերականգնողական փուլ է անցնում ԱՄՆ-ում:

Միջոցառման ընթացքում NEWS.am Sport-ի թղթակցի հարցից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց մեքենաներ նվիրել նաեւ ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին ու Լեւ Սարգսյանին, հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին ու հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին:

Երեւանում բնակարան ստացավ նաեւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում