19:42  ,  25 դեկտեմբերի, 2018

Դավիթ Մանոյանը շնորհավորել է Մարկոս Պիզելիին

Լեհական «Սանդեցյա» թիմի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը շնորհավորել է Երեւանի «Փյունիկում» եւ Հայաստանի ազգային հավաքականում իր նախկին թիմակից Մարկոս Պիզելիին 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

«Եղբյար, ես շատ եմ հպարտանում քեզնով: Ես հիանում եմ քո տաղանդով եւ մեծ պրոֆեսիոնալիզմով: Շնորհակալություն քեզ Հայաստանին եւ Հայաստանի ազգային հավաքականին քո մեծ նվիրվածության համար: Մաղթում եմ քեզ վնասվածքից հետո արագ ապաքինում եւ հույս ունեմ, որ շուտով դարձյալ կխաղանք միասին»,- գրել է Մանոյանը Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ընդհատեց Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում նախորդ 7 տարիներին հաղթել էր Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 8 անգամ, իսկ 34-ամյա Պիզելին առաջին անգամ  արժանացավ նման պատվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում