13:58  ,  25 դեկտեմբերի, 2018

Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում Հայաստանի մասնակիցների թիվն ավելացել է

Հայաստանի ներկայացուցիչ Վահե Դանիելյանը ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ հնարավորություն է ստացել մասնակցել դեկտեմբերի 25-31-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Դանիելյանը Հայաստանի 11-րդ մասնակիցն է այդ մրցաշարում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգում հանդես կգան նաեւ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արամ Հակոբյանը, իսկ կանանց մրցաշարում ուժերը կփորձեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտրյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Կանոնադրության համաձայն՝ բաց մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 2500 եւ ավելի գործակից ունեցողները, իսկ կանանց մրցաշարին՝ 2200 եւ ավելի: Մրցաշարերին իրավունք ունեն մասնակցելու նաեւ երկրների չեմպիոնները: 2500-ից պակաս գործակից ունեցող շախմատիստներին մրցաշարին մասնակցելու թույլտվություն կարող է տալ ՖԻԴԵ-ի նախագահը, որն այդպիսի հնարավորություն է տրվել նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում