22:19  ,  24 դեկտեմբերի, 2018

Ինչո՞ւ չեն պարգեւատրվելու լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները

Տարիներ շարունակ Հայաստանում տարվա լավագույն մարզիկների տասնյակի ձեւավորումից հետո Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարության հետ կազմակերպել եւ անցկացրել է լավագույն 10 մարզիկների մեծարման երեկո՝ պարգեւատրման արարողությունով:

Մինչեւ 2017 թվականը մարզիկների պարգեւների հանձնումն անցկացվում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանային համալիրում, իսկ 2017 թվականից որոշում կայացվեց մարզիկների մեծարման երեկոն անցկացնել «հավուր պատշաճի»՝ առանց ճաշկերույթի, քանի որ փոխվել էր նաեւ մրցույթի անցկացման կարգը: Այդպես, 2017-ի մարզիկների մեծարման երեկոն կայացավ մարզահամերգային համալիրում:

Նախկինում լավագույն տասնյակը որոշվում էր միայն մարզական լրագրողների քվեարկությամբ, ինչի արդյունքում մեծ դժգոհությունների ալիք էր բարձրանում:

2017 թվականին, բացի մարզական լրագրողներից, քվեարկելու իրավունք ստացավ նաեւ հասարակությունը՝ sms քվեարկությունով: Վերջնական տասնյակը որոշվում էր 50-50 ձայների բաշխումով:

2018 թվականին մրցույթի անցկացման կարգը եւս մեկ անգամ փոփոխության ենթարկվեց եւ մարզական լրագրողներին, sms-ներին ավելացավ նաեւ մասնագետ մարզիչների քվեարկությունը: Արդյունքում մարզական լրագրողների եւ մարզիչ մասնագետների լավագույն տասնյակը խիստ տարբերվեց sms քվեարկության լավագույն տասնյակից:

Վերջնական արդյունքում լավագույն տասնյակում տեղ գտան՝

Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ըմբշամարտ

Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն

Ֆերդինանդ Կարապետյան՝ ձյուդո

Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան՝ ջրացատկ

Արսեն Ղազարյան՝ սամբո

Մաքսիմ Մանուկյան՝ հունահռոմեական ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ

Գոռ Մինասյան՝ ծանրամարտ

Գրիգոր Մխիթարյան՝ սամբո

Էդգար Ստեփանյան՝ հեծանվասպորտ

Տասնյակում ընդգրկված սամբիստների անունները մեծ դժգոհությունների տեղիք տվեցին, որի հետ համաձայն չի փաստորեն նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այս տարի որոշել է մարզիկներին նվիրված մեծարման երեկո չկազմակերպել եւ խոշոր պարգեւներ ու նվերներ չհանձնել: Դրա փոխարեն, դեկտեմբերի 25-ին Երեւանի «Օլիմպավանում» տեղի է ունենալու «Տարվա 10 լավագույն մարզիկներից» մի քանիսի պարգեւատրում: Գագիկ Ծառուկյանն այս տարի որոշել է պարգեւներ հանձնել միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոններին, մեդալակիրներին եւ Եվրոպայի չեմպիոններին»: Այդպես է հայտարարել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Նշենք, որ օլիմպիական ձեւ են համարվում նաեւ 2018-ի «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընդգրկված Արթուր Թովմասյանի (սպորտային մարմնամարզություն), Վլադիմիր Հարությունյանի եւ Լեւ Սարգսյանի (ջրացատկը), ինչպես նաեւ Էդգար Ստեփանյանի (հեծանվասպորտ) մարզաձեւերը:

Իսկ ՀԱՕԿ նախագահի պարգեւներին արժանանալու է 6 մարզիկ, թե ինչ կարգով, հայտնի չէ եւ թե ինչու միայն աշխարհի մեդալակիրներին եւ Եվրոպայի չեմպիոնին, նույնպես հայտնի չէ:

Գագիկ Ծառուկյանի կողմից պարգեւատրվելու են՝

Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ),

Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ),

Գոռ Մինասյան (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ)

Մաքսիմ Մանուկյան (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ)

Արթուր Շահինյան (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ)

Ֆերդինանդ Կարապետյան (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):

Գագիկ Ծառուկյանի ցուցակում տեղ չի գտել լավագույն տասնյակում հայտնված Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Շվեյցարիայում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ: Ի դեպ, հեծանվասպորտում, մինչեւ 23 տարեկանը համարվում է մեծահասակների արդյունք, քանի որ վարկանիշային միավորներ է տալիս Օլիմպիական խաղերի, Եվրոպական խաղերի, աշխարհի գավաթի եւ աշխարհի առաջնության համար: Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2015 թվականին, եւ Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երիտասարդների արդյունք չէ: Ավելին՝ էդգար Ստեփանյանը 2015 թվականից երիտասարդների տարիքային խմբում հանդես չի գալիս:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էդգար Ստեփանյանը հաստատեց, որ դեկտեմբերի 25-ին կայանալիք մրցանակաբաշխության հրավիրված չի, չնայած նրան, որ ընդգրկվել է տարվա լավագույն 10 մարզիկների շարքում:

Գագիկ Ծատռուկյանի լավագույնների ցուցակում տեղ չի գտել նաեւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ջրացատկում Եվրոպայի բրոնզե մեդալ նվաճած Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը: Հայաստանը ներկայացնող ջրացատկորցները այս տարվա օգոստոսի 9-ին Էդինբուրգում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում զբաղեցրել են երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Մեծ Բրիտանիային եւ նվաճելով առաջին բրոնզե մեդալը հայկական ջրացատկում: Իսկ Հայաստանում այս մարզիկները չեն պարգեւատրվելու, քանի որ չեն համապատասխանում ՀԱՕԿ նախագահի ներկայացրած պահանջներին՝ աշխարհի առաջնության մեդալակիր կամ Եվրոպայի չեմպիոն լինելուն:

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ տեղյակ չէ վաղվա պարգեւատրման մասին եւ ո՛չ ինքը, ո՛չ էլ Լեւ Սարգսյանը հրավիրված չեն «Օլիմպավան»:

Տարվա լավագույն մարզիկի կոչմանն արժանացած սպորտային մարմամարզիկ, Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսիադայի կիրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը եւս ներկա չի լինելու դեկտեմբերի 25-ի արարողությանը, բայց օղակների վարժությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկն այս տարի աննախադեպ արդյունքով աշխարհի 4-րդ մարզիկն է, թեեւ մեդալ չի նվաճել: Սա այն պարագայում, երբ սպորտային մարմնամարզությունում նույնիսկ եզրափակիչ դուրս գալը մեծ հաջողություն են համարում մասնագետները:

Հաշվի առնելով մարմնամարզիկների մարզադպրոցի անմխիթար վիճակը, Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը պարբերաբար բարձր է պահում Հայաստանի պատիվը տարբեր մրցահարթակներում: Նույն իրավիճակը ջրացատկում է. Եվրոպայի բրոնզե մեդալակիրները բացի այն, որ չունեն մարզվելու համար համապատասխան աշտարակներ ոստնակներով, դեռ այդքանով հանդերձ մեդալ նվաճելուց հետո չեն արժանանում նույնիսկ պարգեւների եւ մեծարման:

Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի լավագույնների ցուցակից «դուրս մնացած» մարզիկները չեն պարգեւատրվելու նաեւ Հայաստանի սպորտի նախարարության կողմից:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն ասաց, որ «Տարվա 10 լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողների հատուկ պարգեւատրում եւ մեծարման երեկո նախատեսված չէ եւ որեւէ արարողություն չի լինելու:

«Լավագույն մարզիկների հատուկ պարգեւատրում, արարողություն չի լինելու, նախարարությունը չի անցկացնելու, քանի որ դրա համար պետական հատկացում այս տարի չկա: Մարզիկները պարգեւատրվելու են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց ոչ բոլորը: Իսկ այն մարզիկները, որոնք այս տարի բարձր արդյունքներ են գրանցել եւ մեդալ նվաճել խոշոր մրցաշարերում, տարեվերջում նախարարության կողմից պետական պարգեւավճարներ կստանան եւ կարեւոր չէ՝ լավագույն տասնյակում կլինեն, թե ոչ: Դրանք պետական պարգեւավճարներ են, որոնք յուրաքանչյուր տարի կառավարությունը տրամադրում է տվյալ տարում մարզիկի բարձր նվաճման համար: Այդ պետական պարգեւավճարները հատուկ կարգով չեն հանձնվելու, մարզիկները նախարարություն չեն հրավիրվելու, այլ այդ գումարները նստելու են նրանց հաշվեհամարներին»,- ասաց Աստղիկ Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ նախարարության կողմից անցկացնվող «Տարվա 10 լավագույն մարզիկ» մրցույթի անցկացումը ձեւական բնույթ է կրում, քանի որ թե նախարարությունը եւ թե ՀԱՕԿ-ը,փաստացի, համաձայն չեն իրենց իսկ կազմակերպած եւ անցկացրած լավագույն տասնյակի արդյունքների հետ, իսկ լավագույն տասնյակում տեղ գտած տասը մարզիկները չեն պարգեւատրվելու անպես, ինչպես կարգն է եւ ամեն տարի եղել է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով