14:21  ,  22 դեկտեմբերի, 2018

Դավիթ Թորոսյան. Գոռ Երիցյանն աշխարհի իսկական չեմպիոն է, բայց լավագույն մարզիկների տասնյակում չէ

Գոռ Երիցյանն աշխարհի իսկական չեմպիոն է: Սա սովորական գոտի չէ, սա աշխարհի չեմպիոնի գոտի է: Պետք է մեր տղաներն էլ լինեին հավակնորդների ցուցակում եւ ընդգրկվեին լավագույն տասնյակում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկների անձնական մարզիչ Դավիթ Թորոսյանն, անդրադառնալով դեկտեմբերի 21-ին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկ»  մրցույթի արդյունքներին: Ի դեպ, տարվա լավագույն մարզիկների տասնյակում որեւէ բռնցքամարտիկ տեղ չի գտել:

«Մեկը բադմինտոնի «պադեզդի» մրցումներում հաղթում է, գնում, նկարում են: Նրանց մասին խոսում են, հետո տեսնում ես տարվա լավագույն մարզիկների հավակնորդների ցուցակում են: Իսկ մեր տղաները բարձր արդյունքների են հասնում, աշխարհի չեմպիոններ են դառնում, բայց մեր ժողովուրդը դրա մասին տեղյակ չէ, մեր հաջողությունների մասին չգիտեն, այդ պատճառով էլ փնովում են բռնցքամարտը: Մարդիկ չեն հասկանում, որ աշխարհի չեմպիոն դառնալը պրոֆեսիոնալ ռինգում խաղուպար չէ, սիրողականում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մեդալակիր դառնալը հեշտ չէ: Տպավորություն է, թե չի երեւում մեր գործը, բայց մենք աշխատում ենք, բռնցքամարտը աճում է, վերեւէ բարձրանում, իսկ մեր մարզիկները հաջողությունների են հասնում»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաեւ օրերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մասին: Այդ հայտարարության հետ Հրաչյա Ռոստոմյանն իր էջում տեղադրել էր նաեւ ԱԻԲԱ-ի նամակը, որն ուղղված էր անձամբ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանին:

«Մեր ֆեդերացիան, Արթուր Գեւորգյանը մինչ օրս նման բովանդակությամբ նամակ չի ստացել: Ես չգիտեմ, թե դա ինչ նամակ է: Ամեն դեպքում իմ տեղեկություններով ֆեդերացիան մինչեւ այսօր նման նամակ-դիմում, նոր նախագահի ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն չի ստացել ԱԻԲԱ-ից, որեւէ ուսումնասիրության, քննության մասին մենք տեղյակ չենք, քանի որ եթե նման բան լիներ, մենք տեղյակ կլինեինք: Որեւէ խախտում չի եղել մեր ընտրություններում: Մեզ ուղղակի նպատակաուղղված քննադատում են, ուզում են նոր ֆեդերացիա բացել, նոր ընտրություններ են ուզում անցկացնել, մեր տղաներն էլ լավագույնների շարքում չկան:

ԱԻԲԱ-ի նամակի մասով էլ կասեմ, եթե մի երկրից այդ կառույցին պարբերաբար վատ տեղեկություններ հայտնեն, բողոք-նամակներ գրեն, բնական է, որ ԱԻԲԱ-ն կասի՝ նոր ընտրություն արեք, վերջացրեք:

Այսօր մեծ քննադատության ալիք կա Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցամարտի ուղղությամբ, բայց մարդիկ չեն հասկանում, որ պրոֆեսիոնալ բռնցամարտը եւս մեծ լումա ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հարցում: Այս դժգոհությունների ալիքը չի դադարում: Անհասկանալի պատմություն է՝ չգիտենք մեր ֆեդերացիան պաշտպանենք, թե մարզիկների հետ աշխատենք նախաօլիմպիական եւ օլիմպիական տարում: Հայաստանի սպորտի կոմիտեն էլ չգիտեմ ինչ դիրքի մեջ է... Եթե կա ֆեդերացիա, աշխատում եմ շատ լավ, ինչն է խնդիրը, որ այն անտեսենք եւ ստեղծենք նորը: Նոր նախագահի ընտրություն են պահանջում, թող անեն, մինեւնույն է նույն մարդն է ընտրվելու: Իմաստն էլ որ՞ն է... Ես չեմ հասկանում, թե ինչու են փորփրում»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում