18:32  ,  21 դեկտեմբերի, 2018

Անդրեյ Տալալաեւի որակազրկումը կրճատվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեի նիստում քննարկվել է Երեւանի «Փյունիկի» բողոքը: Ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ:

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկի» բողոքը, կարգապահական գործում առկա նյութերը և ուսումնասիրելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգերով նման արարքների համար սահմանված պատասխանատվության չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված խախտումը, մասնավորապես, թույլ է տվել խաղը սպասարկող մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող արտահայտություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անդրեյ Տալալաևն առաջին անգամ է վերը նշված կետով սահմանված արարք կատարել և նրա արարքը ծանրացնող այլ հանգամանքներ չկան, միաձայն որոշել է «Փյունիկի» բողոքը բավարարել մասնակի՝ Անդրեյ Տալալաևի որակազրկման ժամկետը փոփոխել և այն սահմանել մինչև 2019թ. մարտի 31-ը:     

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ձմեռային արձակուրդը կավարտվի մարտի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում