13:17  ,  19 դեկտեմբերի, 2018

Հայ լողորդները մասնակցել են աշխարհի առաջնությանը

Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացված լողի աշխարհի 14-րդ առաջնությանը (25 մետրանոց լողավազանում) մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել 50մ. ազատ ոճում ու բաթերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100մ. ազատ ոճում, իսկ Անի Պողոսյանը`100 եւ 200 մ. ազատ լողաոճերում: Հայ լողորդները սահմանել են Հայաստանի հինգ ռեկորդ, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Վարսենիկ Մանուչարյանը 50մ. բաթերֆլայում գրանցել է 0.29.09 վայրկյան արդյունք եւ 70 մրցակիցների պայքարում զբաղեցրել է 44-րդ տեղը: Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ 51-րդն էր (0.22.44 վայրկյան):

4×50 մ. ազատ ոճի խառը փոխանցալողում (երկուական տղամարդ եւ կին) Հայաստանի թիմը 1.40,73 արդյունքով 22-րդն էր 43 մասնակիցների մեջ: Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, հայկական քառյակը 1.53.46 արդյունքով 32-րդ տեղն է գրավել 47 մասնակիցների մեջ:

Վերջին` 5-րդ ռեկորդը սահմանել է Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում  200 մետրը հաղթահարել է 2.06,75 արդյունքով եւ 56 լողորդների պայքարում 41-րդն էր:

100մ. ազատ ոճում Վլադիմիր Մամիկոնյանը գրավել է 76-րդ տեղը (51.59 վայրկյան), իսկ Անի Պողոսյանը՝ 53-րդ (0.58,14):

Անձնական ռեկորդ է սահմանել Վարսենիկ Մանուչարյանը,  որը 50մ ազատ լողաոճում զբաղեցրել է 45-րդ տեղը (0.26,80):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում