20:14  ,  18 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի եւս մեկ թեկնածու

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» թեկնածուների ցուցակում ընդգրկել է նաեւ պորտուգալացի Կարլուշ Կեյրուշին, հաղորդում է բրիտանական The Independent–ը։

65–ամյա մասնագետը 2002–2003 եւ 2004–2008 թվականներին ընդգրկված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական շտաբում։

Այժմ Կեյրուշը գլխավորում է Իրանի ազգային հավաքականը։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի թեկնածուների ցուցակում նշվում են նաեւ ֆրանսիացիներ Լորան Բլանն ու Զինեդին Զիդանը, նորվեգացի Ուլե Գունար Սուլշերը, իտալացի Անտոնիո Կոնտեն։

Սպասվում է, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը մանչեսթերյան թիմը կգլխավորի Մայքլ Կարիկը։ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի վերջում էր ավարտել կարիերան եւ ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: Նա անգլիական ակումբում խաղացել է 2006-2018-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում