13:55  ,  18 դեկտեմբերի, 2018

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Մոուրինյոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

«Ակումբը Ժոզեին շնորհակալություն է հայտնում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի համար եւ հաջողություն մաղթում ապագայում: Շուտով կհայտարարենք ժամանակավոր մարզիչի անունը մինչեւ մրցաշրջանի ավարտը, իսկ ակումբը կսկսի փնտրել նոր մարզիչի»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարության մեջ:

Sky Sports-ը գրում է, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի թիմի նախկին ավագ, Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը:

Հիշեցնենք, որ 55-ամյա մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Բրիտանական մամուլի համաձայն՝ անգլիական ակումբը պորտուգալացի մասնագետին 24 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում կվճարի ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

Անգլիայի առաջնության 17 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 6-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում