17:14  +04,  17 դեկտեմբերի, 2018

Չունենալով պայմաններ՝ ջրացատկում գրանցեցինք բացառիկ արդյունք. Հավաքականի մարզիչ

Սա մեր հայ ազգի ֆենոմենն է, որ, չունենալով պայմաններ, անկախ Հայաստանի պատմության մեջ ջրացատկում գրանցեցինք բացառիկ արդյունք՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը եւ միջազգային կարգի սպորտի վարպետ Ազատ Հարությունյանը, գլխավոր մարզիչ Հրաչա Չանդիրյանի հետ ամփոփեցին 2018 թվականը:

«Այս տարին մեզ համար գագաթնակետն էր հաջողությունների առումով: Եվրոպայի առաջնությունում սինքրոն լողում մեր մարզիկներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը գրավեցին երրորդ տեղը: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մեծ հաջողությունն էր ջրացատկում: Մինչեւ այդ ունեցել էինք բազմաթիվ հաջողություններ, բայց այսպիսի արդյունք չէինք գրանցել: Այս տարի մեր գլխավոր խնդիրը Եվրոպայի առաջնությունն էր: Աշխարհի գավաթի խաղարկությունը բաց թողեցինք ֆինանսական սղության պատճառով: Շատ թանկ էր եւ հեռու՝ Չինաստանում: Նպատակահարմար չգտանք մասնակցել: Եթե մեկնեինք աշխարհի գավաթին, մեր ֆինանսները չէր բավարարի Եվրոպայի առաջնության համար: Առջեւում ունենք բարդ նախաօլիմպիական ու օլիմպիական տարի: Ծանրաբեռնված է, մասնավորապես, 2019 թվականը՝ Ուսանողական խաղեր, Եվրոպայի առաջնություն, անմիջապես հետո՝ աշխարհի առաջնություն եւ արդեն 2020-ի սկզբում աշխարհի գավաթի խաղարկություն: Օլիմպիական վարկանիշային երկու մրցաշար ունենք ընդամենը՝ 2019-ի աշխարհի առաջնությունը եւ 2020-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջինն աշխարհի առաջնությունն է, որտեղ օլիմպիական վարկանիշներ անհատական ձեւում տալիս է լավագույն 12-ի մեջ ընդգրկվելն, իսկ սինքրոն ձեւում՝ լավագույն եռյակը: Շանսեր ունենք լինելու 12 լավագույնների մեջ անհատական ձեւում, բայց շատ բարդ է լինելու սինքրոն ձեւում: Եվ մյուս օլիմպիական վարկանիշային մրցաշարը 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունն է: Այստեղ մեր հնարավորություններն ավելի մեծ են: Անհատական ձեւում կիսաեզրափակիչ մտնող 1-18-րդ տեղերը նվաճում են նաեւ օլիմպիական վարկանիշներ: Իսկ սինքրոն ձեւում 1-4-րդ տեղերն են վարկանիշային: Բայց եթե այդ 1-4-րդ տեղը զբաղեցնողները կլինեն աշխարհի մրցանակակիրները, օլիմպիական վարկանիշ կնվաճեն 4-7-րդ տեղ զբաղեցնողները»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Սարգսյանների խոսքով՝ 2018 թվականը բացառիկ էր մարզական հաջողությունների առումով:

«Տարին գերազանց էր: Ամենատպավորիչը Եվրոպայի առաջնությունն էր եւ մեր բրոնզե մեդալը: Շատ էինք ուզում այսպիսի արդյունք գրանցել եւ իմ ու Լեւի մոտ ստացվեց: Փորձելու ենք հետագայում ավելի բարձր արդյունքների հասնել»,- նշեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը:

«Այս տարվա մեր թիմի բարձր արդյունքները պատահական չէին: Երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Ուրախ եմ եղբորս եւ Լեւի համար: Բոլորիս ոգեշնչել է մեր այս տարվա Եվրոպայի առաջնության նվաճումը: Բայց պետք է ձգտենք ավելիին, իսկ դրա համար մարզաբազայի լուրջ խնդիր ունենք: Օրինակ՝ մրցաշարերի միշտ մի քանի օր շուտ ենք մեկնում, որպեսզի հասցնենք գոնե մի քանի օր աշխատել նորմալ պայմաններում»,- ասաց Ազատ Հարությունյանը:

Մարզաձեւում առկա խնդիրներին անդրադարձավ նաեւ հավաքականի գլխավոր մարզիչը:

«Շատ խնդիրներ կան. ամենագլխավորը մարզաբազայի պակասն է: Մենք չունենք նորմալ աշտարակներ: Չունենք այնպիսի աշտարակներ, որտեղից երկուսը միաժամանակ ցատկեն: Եթե մրցաշարերին ջրացատկորդները գալիս են արդեն մարզված, նախապատրաստված, ապա մեր տղաները փորձում են մրցումներից օրեր առաջ մրցավայրերում նորմալ պայմաններում աշտարակներից եւ ոստնակներից իրենց ցատկերը սովորել եւ մի քանի օրում անել այն, ինչ դրսի ջրացատկորդներն անում են ամիսներ շարունակ մարզվելով: Օլիմպավանում կան աշտարակներ: Որպեսզի մարզումները լինեն լիարժեք ու արդյունավետ, պետք են նաեւ ոստնակներ, որոնք չկան: Եթե Օլիմպավանում մարզվենք, տղաները պետք է մարզվեն, ապա գնան Դավիթ Համբարձումյանի լողավազան, այնտեղի ոստնակների վրա ցատկերը սովորեն, հետո կրկին հետ գան եւ Օլիմպավանում շարունակեն մարզումները: Սա արդյունավետ չէ: Սպորտի փոխնախարարի հետ հանդիպեցինք, մտերիմ զրույց ունեցանք: Խնդրանք-առաջարկով հանդես եկա, որ գոնե մեկ համալիր մարզաբազա ստեղծվի, որտեղ բոլոր ջրային մարզաձեւերը կլինեն: Թե ինչ արդյունք կտա այդ հանդիպումը, կապրենք, կտեսնենք»,- մանրամասնեց Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկորդների հետ ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանի միակ միջազգային կարգի մրցավար Մարինա Չանդիրյանը, որը հավակնում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում մրցավար լինելուն:

«Արդեն մի քանի խոշոր մրցաշար եմ սպասարկել՝ միջազգային մրցաշարեր, աշխարհի գավաթ եւ այս տարվա Եվրոպայի առաջնությունը, որտեղ չդատեցի մեր երկրին. դա միջազգային ֆեդերացիայի քաղաքականությունն է: Բայց այդ օրերն անմոռանալի էին, բոլորը եկան եւ շնորհավորեցին մեզ: Այնպես էին ուրախացել, ասես իրենց երկրի մարզիկներն էին հաղթողները: Առջեւում շատ մրցաշարեր կան եւ գուցե հնարավորություն ստանամ սպասարկել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը: Կան մի քանի փուլեր, որոնք պետք է անցնենք, բայց միջազգային ֆեդերացիան դեռեւս այդքան էլ առաջնահերթություն չի տալիս երիտասարդներին, իսկ ես շատ երիտասարդ եմ: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ կլինեմ Տոկիոյի Օլիմպիական խաղերում»,- ասաց Մարիա Չանդիրյանը:

Ի դեպ, այս օրերին ընթացող տարվա 10 լավագույն մարզիկների քվեարկության ցուցակում են նաեւ ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Եվրոպայի բրոնզե մեդալակիրները հանդես են գալիս մեկ համարի ներքո՝ 08 1006:

«Շատ ուրախ ենք, որ այս տարի մեր մարզիկները հավակնում են լավագույն տասնյակում ընդգրկվելուն: Հույս ունենք, որ նրանք կլինեն տասնյակում, քանի որ բացառիկ արդյունք ենք ցույց տվել այս տարի»,- ամփոփեց Հրաչյա Չանդիրյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ