18:22  ,  15 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Էվերտոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Փոխարինման դուրս գալուց երեք րոպե անց աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը: Հյուրերի կազմում հաշիվը կրճատեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը:

Վերջնամասում «Մանչեսթեր Սիթիի» կազմում փոխարինման դուրս եկավ կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որն ապաքինվել է ծնկահոդի վնասվածքից հետո: Բելգիացի ֆուտբոլիստը օգոստոսին ստացած վնասվածքի պատճառով չխաղաց մինչեւ հոկտեմբեր: Նոյեմբերի 2-ին վնասվածքը կրկնվեց եւ նա բաց թողեց եւս 6 շաբաթ:

«Մանչեսթեր Սիթին» 44 միավորով բարձրացավ առաջին տեղ՝ 2 միավոր առաջ անցնելով «Լիվերպուլից», որն այս տուրում դեկտեմբերի 16-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: «Էվերտոնը» 24 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 3:1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 22, 50, Ռահիմ Ստերլինգ, 69 – Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում