20:42  ,  12 դեկտեմբերի, 2018

Ռուբեն Նազարեթյան. Եթե կարողանանք հաջողության հասնել շվեդների դեմ խաղում, մեր խնդիրը կհեշտանա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է 2020թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանության արդյունքը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքի

«Նորմալ խումբ է: Ծանոթ ենք մեր մրցակիցներից երկուսին՝ Շվեդիայի և Մալթայի հավաքականներին, քանի որ խաղացել ենք նրանց դեմ: Շվեդներն ուժեղ հավաքական ունեն, և հիմա մեր առաջնային խնդիրը հենց նրանց դեմ խաղին պատրաստվելն է:

Առաջին խաղից շատ բան կլինի կախված, և եթե կարողանանք հաջողության հասնել շվեդների դեմ խաղում, մեր խնդիրը կհեշտանա: Սա ասում եմ՝ հաշվի առնելով, որ խմբից երկու թիմ է դուրս գալիս:

Բնականաբար, չենք թերագնահատում Մալթայի հավաքականին, իսկ բելգիացիները, ընդհանրապես, ինչպես և մեծ ֆուտբոլում, այստեղ ևս մեծ առաջընթաց են գրանցել և ուժեղ հավաքական ունեն: Անկախ ամեն ինչից՝ պատրաստվելու ենք լավագույն կերպով և ձգտելու ենք դուրս գալ խմբից»,- ասել է Ռուբեն Նազարեթյանը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Մալթայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Շվեդիայում, խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի 6-րդ խմբում կհանդիպի Սերբիայի, Ֆրանսիայի և F խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ:

Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում Հայաստանի մրցակիցները 7-րդ խմբում կլինեն Ռուսաստանը, Խորվաթիան և F խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում