17:47  ,  12 դեկտեմբերի, 2018

«Ռեալը» հունվարին «Մանչեսթեր Սիթիին» 10 միլիոն եվրո կառաջարկի Դիասի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ սպասել հաջորդ ամռանը եւ արդեն հունվարին կձգտի ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Բրաիմ Դիասին, հաղորդում է Marca-ն: Արքայական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 10 միլիոն եվրո: Դիասի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստին անվճար հրաժեշտ չտալու համար անգլիական ակումբը կընդունի առաջարկը:

Բրաիմ Դիասը եւս մեծ ցանկություն ունի կարիերան շարունակել «Ռեալում», թեեւ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ բարձր է գնահատում ֆուտբոլիստին եւ կանեն հնարավոր ամեն ինչ նրա հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Դիասը 2013-ին է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել իսպանական «Մալագայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում