15:10  ,  12 դեկտեմբերի, 2018

Հայաստանում հիմք է դրվում դահուկային սպորտի միջոցով տուրիզմի զարգացմանը

Եվրոմիության ֆինանսավորմամբ հունվարին Աշոցքում կբացվի դահուկավազքի կենտրոն: Հիմք ենք դնում դահուկային սպորտի միջոցով տուրիզմի զարգացմանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը երրորդ տեղն է գրավել Ֆինլանդիայում անցկացված դահուկավազքի մրցաշարի ընդհանուր հաշվարկում: Վերջերս հայ դահուկորդը Ֆինլանդիայում հաղթել էր 3 մրցաշարերում:

«Հոկտեմբերի 20-ից մեկնարկել է դահուկային սպորտի մրցաշրջանը: Մեր թիմի առաջատարները մեկնեցին Ֆինլանդիա, որտեղ մասնակցեցինք մրցաշրջանի առաջին մրցաշարին: Մի քանի հաջողություն ունեցանք: Բացի Միքայել Միքայելյանի հաջողություններից, մեր մյուս դահուկորդները եւս բարելավեցին իրենց արդյունքները: Արդեն նոյեմբերին մեր երկու առաջատար մարզիկներ հաղթահարել էին հետագա մեկնարկների համար համապատասխան որակավորումները: Սա վերջին տարիների լավագույն արդյունքներից էր: Նախկինում միայն Սերգեյ Միքայելյանին էր հաջողվում դա: Միքայել Միքայելյանից մեծ ակնկալիք ունենք մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջությունում, որը կայանալու է հուվարի 20-25-ը Ֆինլանդիայում: Մեզ համար լավ արդյունքը դեռեւս լավագույն տասնյակում հայտնվելն է: Հույս ունենք, որ Միքայելը լավ արդյունք ցույց կտա: Սերգեյ Միքայելյանը վերսկսել է մարզումները, բայց դեռ վերականգնվում է: Այս մրցաշրջանը բաց կթողնի եւ դեռ կքննարկենք նրա հետագա հնարավոր մեկնարկների մասին: Մասնակցելու ենք 2019-ի մեծահասակների աշխարհի առաջնությանը, որին նախատեսում ենք ընդգրկել 3 մարզիկ:

Հայկական դահուկային սպորտում ունենք շատ խնդիրներ: Դահուկավազքի մարզադպրոց չունենք, դրսում մարզվելու համար նույնիսկ ձյան համար ենք գումար վճարում, արհեստական ձյան վրա մարզման 1 ժամն արժե 25-30 եվրո: Բայց չունենալով համապատասխան պայմաններ՝ որոշակի արդյունքներ ունենում ենք. չեմ ասում՝ մրցանակային տեղերում ենք, բայց ամենավերջին տեղերում էլ չենք: Ֆեդերացիան հնարավորինս ամեն ինչ անում է՝ մարզիկներին լավ մարզագույքով ու համազգեստով ապահովելու համար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան երբեւէ որեւէ մարզագույքի համար պետական գույքային ծրագրից չի օգտվել. դիմել ենք, չեն տվել: Ամեն ինչ անում ենք մեր ուժերով: Լեռնադահուկի Հայաստանի հավաքական չենք ունենալու եւս մեկ տարի: Խնդիրն այն է, որ ամբողջ համակարգը փոխել ենք, ունենք մարզիչների խնդիր: Նրանք փուլ առ փուլ որակավորումներ կանցնեն: Երբ որեւէ մարզիչ արդյունք կգրանցի եւ մարզիկներ կաճեցնի, նոր կմտածենք հավաքական ձեւավորելու մասին, որտեղ մարզիչները կմտածեն միայն աշխատելու եւ արդյունք տալու մասին: Դեկտեմբերի 21-23-ը Աշոցքում կանցկացվի Հայաստանի երիտասարդների եւ պատանիների առաջնությունը, հունվարի 6-ին՝ Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Աշոցքում եւ Ծաղկաձորում կանցկացնենք Եվրոմիության նախաձեռնած միջոցառումներ: Եվրոմիության ֆինանսավորմամբ հունվարին Աշոցքում կբացվի դահուկավազքի կենտրոն: Հիմք ենք դնում դահուկային սպորտի միջոցով տուրիզմի զարգացմանը: Ծաղկաձորը լեռնադահուկային կենտրոն է եւ գրեթե ամբողջությամբ պատկանում է տարբեր մարդկանց: Իսկ Աշոցքում ավելի մեծ հնարավորություն կա դահուկային սպորտը, ինչպես նաեւ տուրիզմը զարգացնելու համար»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում