14:42  ,  12 դեկտեմբերի, 2018

Արթուր Ալեքսանյանի մարզումն ԱՄՆ-ում

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) շարունակում է վերականգնողական փուլ անցնել ԱՄՆ-ում: Գյումրեցի ըմբիշը Instagram-ում հրապարակել մարզումային տեսանյութ:

Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ ըմբիշի անձնական մարզիչն է, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ օլիմպիական չեմպիոնի բուժզննումները եւ վնասվածքների բուժումներն արվում են սեփական միջոցներով:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանին խանգարել էր վնասվածքը: Բուդապեշտում գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեցնորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվել էր 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է հանդիպեր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում