01:55  ,  12 դեկտեմբերի, 2018

ՉԼ. ՊՍԺ-ն, «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B եւ C խմբերում ընդգրկված թիմերը: 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, անգլիական «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»:

A խմբում ամեն ինչ վճռվել էր նախորդ տուրում: 1/8 եզրափակիչի ուղեգրերն ապահոված Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Աթլետիկոն» վերջին տուրում մրցեցին հետնապահների հետ: Գերմանական թիմը 2:0 հաշվով հաղթեց ֆրանսիացի Թիերի Անրիի ղեկավարած «Մոնակոյին» եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը: «Աթլետիկոն» 0:0 հաշվով խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ եւ 13 միավորով երկրորդն է: «Բրյուգեն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

B խմբում առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին», որը մինչեւ վերջին տուրը պայքարում էր երկրորդ տեղի համար Միլանի «Ինտերի» հետ: Կատալոնական ակումբը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն հյուրերը կարողացան կորզել այդքան անհրաժեշտ 1 միավորը՝ պատասխան գոլը վերջնամասում խփեց Լուկաս Մոուրան: «Տոտենհեմը» 8 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց երկրորդ ուղեգիրը:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգրով բավարարվեց «Ինտերը», որը տանը 1:1 հաշվով  խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ եւ նույնպես վաստակեց 8 միավոր:

C խմբում առաջին տեղը 11 միավորով զբաղեցրեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որը Բելգրադում 4:1 հաշվով պարտության մատնեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Երկրորդ ուղեգրի համար պայքարում «Էնֆիլդում» անգլիական «Լիվերպուլն» ընդունեց իտալական «Նապոլիին» եւ հաղթեց եգիպտացի Մոհամեդ Սալահի միակ գոլի շնորհիվ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Նապոլին» նույնպես վաստակեց 9 միավոր, սակայն պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:0

«Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0:2

Ռաֆայել Գերեյրու, 15, 88

B խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 7 – Լուկաս, 85

«Ինտեր» (Իտալիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 1:1

Մաուրո Իկարդի, 73 - Իրվին Լոսանո, 13

C խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 34

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:4

Մարկո Գոբելիչ, 56 - Էդինսոն Կավանի, 10, Նեյմար, 40, Մարկինյոս, 74, Կիլիան Մբապե, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում