20:34  ,  10 դեկտեմբերի, 2018

Յուրգեն Կլոպ. Կդիմենք մարտավարական փոփոխությունների, բայց «Նապոլին» հիմա ավելի լավ վիճակում է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում իտալական «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Պետք է առանձնահատուկ մթնոլորտ ստեղծենք վաղը: Պետք է դրան հասնենք մեր խաղի շնորհիվ: Բայց նաեւ անհամբերությամբ սպասում եմ երկրպագուների առանձնահատուկ աջակցությանը:

Մենք միշտ ձգտում ենք հույսը դնել մեր խաղի վրա, բայց չի կարելի նաեւ անտեսել մրցակցի հզորությունը: Մենք որոշակի մարտավարական փոփոխությունների կդիմենք, բայց «Նապոլին» հիմա ավելի լավ վիճակում է:

Այս խմբի հետ կապված կար միայն մեկ լավ նորություն: Այն է, որ վերջին խաղն անցկացնում ենք տանը: Պետք է օգտվենք այս շանսից»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Վերջին տուրից առաջ «Նապոլին» 9 միավորով C խմբի առաջատարն է: ՊՍԺ-ն 8 միավորով երկրորդ տեղում է եւ վերջին տուրում Բելգրադում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: «Լիվերպուլը» 6 միավորով երրորդն է եւ փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է խոշոր հաշվով հաղթի «Նապոլիին», եթե իհարկե ՊՍԺ-ն անակնկալ միավորներ չկորցնի Բելգրադում:

«Լիվերպուլ» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում