10:40  ,  10 դեկտեմբերի, 2018

Սոլարի. Քամին խանգարեց ֆուտբոլի գեղեցկությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ արտագնա հաղթանակը նվազագույն հաշվով:

«Եղանակային պայմանները հաջող չէին: Քամին խանգարեց ֆուտբոլի գեղեցկությանը: Բարդ էր վերահսկել գնդակն ու կատարել փոխանցումներ: Եթե հարցնեք ֆուտբոլիստներին, նրանք կպատասխանեն, որ բավականաչափ դիպուկ չէին դրա պատճառով: Սակայն այսպիսի խաղեր եւս անհրաժեշտ են, դա փորձություն է բնավորության համար:

Խաղում էինք շատ ինտենսիվ: Գոլ խփեցինք անհրաժեշտ պահի, իսկ հետո լավ էինք պաշտպանվում: Ստացվեց ծանր հանդիպում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբից խաղի սկզբնամասում աչքի էր ընկել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը Պրիմերայի նախորդ 10 խաղերում դաշտից հեռացել էր առանց խփած գոլի: Նախորդ անգամ ուելսցին Իսպանիայի առաջնությունում գոլի հեղինակ դարձել էր «Լեգանեսի» դեմ երրորդ տուրի խաղում (4:1), որը կայացել էր սեպտեմբերի 1-ին:

Այդ հաղթանակից հետո «Ռեալը» շրջանցել էր «Ալավեսին» եւ 26 միավորով բարձրացել չորրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 31 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող «Սեւիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»՝ 28-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում