12:45  ,  7 դեկտեմբերի, 2018

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ-ի որոշումը, Արթուր Սողոմոնյանը չի կարողացել ժամանել Հայաստան

Երեւանի «Փյունիկը» կբողոքարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի՝ թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւին մինչեւ 2019թ. մայիսի 31-ը որակազրկվելու մասին որոշումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Փյունիկի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը:

Սողոմոնյանի խոսքով՝ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի կազմն ընտրվել է ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից եւ մինչեւ օրս որոշումները կայացվում են նրա սկզբունքներով:

Արթուր Սողոմոնյանը դեկտեմբերի 7-ին «Փյունիկի» մարզադպրոցում պետք է հանդիպեր լրագրողների հետ եւ խոսեր այդ որոշման մասին, սակայն նրա ասուլիսը չեղյալ է հայտարարվել: Ռուսաստանցի գործարարը դեկտեմբերի 7-ին չի կարողացել ժամանել Հայաստան՝ Մոսկվա-Երեւան չվերթի հետ կապված խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղում (1:3) ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւը հեռացվել էր մրցավարի օգնականին անպատվելու համար եւ որակազրկվել է մինչեւ ընթացիկ առաջնության ավարտը: «Փյունիկը» տուգանվել է 125 հազար դրամով: Հայաստանի առաջնության վերջին տուրը մայիսի 30-ին է:

Նշենք, որ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի կետերից մեկի համաձայն՝ մրցավարին անպատվելու համար մարզիչը կարող է որակազրկվել մինչեւ մեկ տարի ժամկետով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով