10:27  ,  1 դեկտեմբերի, 2018

Լեոն Հարթ. Կարո Մուրադի հետ պետք է կռվեինք IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար

Կարո Մուրադի հետ պետք է նույն ռինգում կռվեինք IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար, բայց ինձ ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին իմ հայրենակցին ձեռնոց նետեմ: Վստահ՝ դա կլիներ ամենահետաքրքրիր մենամարտը թե եվրոպացիների, թե հայ երկրպագուների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental չեմպիոնական գոտու հաղթող, Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, որը դեկտեմբերի 15-ին Աուգսբուրգ քաղաքում կանցկացնի 21-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում՝ պայքարելով WBC Asia չեմպիոնական գոտու համար:

Լեոն Հարթի մրցակիցը լինելու է WBC Asia-ի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Ցուրովը:

Նախորդ 20 մենամարտերում 29-ամյա բռնցքամարտիկը տարել է 17 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

Լեոն, պայքարի մեջ ես մտնում WBC Asia-ի չեմպիոնական գոտու համար, ինչը քեզ համար նոր հարթություն է եւ ճանապարհ դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոս: Պատրա՞ստ ես պայքարին:

Անշուշտ, WBC վարկածով չեմպիոնական գոտի նվաճելը մեծ հնարավորություն է եւ լավ առիթ ճանապարհ հարթելու դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես իմ կյանքի առաջին չեմպիոնական գոտին նվաճեցի նախորդ մենամարտումս՝ IBO Continental: Մինչ այդ վարկանիշ էի հավաքում, որպեսզի հնարավորություն ստանամ ձեռնոց նետել արդեն տարբեր վարկածների գոտիների համար: Սկիզբը եղավ IBO Continental-ը: Ինձ համար շատ կարեւոր էր նախորդ մենամարտը, քանի որ առաջին անգամ էի գոտու համար մենամարտելու: Պետք է շարունակեի այդ վարկածի աշխարհի չեմպիոնի գոտու համար պայարել, բայց խնդիրներ ծագեցին, եւ ես հայտ ներկայացրեցի WBC վարկածի համար գոտուն: WBC պրոֆեսիոնալ բռնցքամարտում վարկանիշով ավելի բարձր վարկած է եւ ուրախ եմ, որ կարող եմ ուժերս փորձել այս վարկածով ASIA-ի չեմպիոնի գոտին նվաճել:

Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, արդեն մեծ ուժով մտել եմ մարզումային փուլի մեջ, բավական երկար ժամանակ ֆիզիկական պատրաստվածության վրա էի աշխատում: Այժմ արդեն մեկնարկել է սփարինգ մենամարտերի փուլը, դրան զուգահեռ նաեւ քաշի կարգավորումս. կիլոգրամներ պետք է իջեցնեմ:

Լեոն, նախապես որոշված էր՝ դեկտեմբերի 15-ի անցկացնել IBO Continental չեմպիոնական գոտու պաշտպանություն: Ինչո՞ւ փոխվեց գոտին:

Եթե ես այդ մենամարտում հաղթեի՝ պաշտպանելով իմ IBO Continental գոտին, IBO-ն պարտավորվում էր ինձ տալ այնպիսի կատեգորիա, որ IBO վարկածով աշխարհի չեմպիոնը ուզած-չուծաց ինձ հետ մենամարտեր: IBO վարկածով աշխարհի չեմպիոնը մեր շատ սիրելի  հայրենակից Կարո Մուրադն է, եւ եթե ես դեկտեմբերի 15-ին անցկացնեի նախապես պլանավորված իմ մենամարտը եւ պաշտպանեի Continental-ի չեմպիոնի գոտին, հաջորդ մենամարտում Կարո Մուրադի հետ պետք է վիճարկեինք IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Անհասկանալի պատճառներով IBO-ն ինձ չդասակարգեց այդ կատեգորիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մեջ եւ զրկեց ինձ այս վարկածով աշխարհի գոտու համար պայքարից: Ես եւ իմ պրոմոութերներն էլ հրաժարվեցինք IBO Continental գոտու պաշտպանության մենամարտից եւ հայտ ներկայացրեցինք կարգով ավելի բարձր վարկածի գոտու՝ WBC Asia-ի համար:

Իսկ Կարո Մուրադի հետ ի՞նչ հարաբերություններ կան: Նա տեղյա՞կ էր, որ հնարավոր է քեզ հետ վիճարկի աշխարհի չեմպիոնի իր գոտին:

Կարո Մուրադի հետ անձնամբ ծանոթ չեմ, շփում չունենք: Որեւէ խնդիր չկա, ուղղակի նա ուրիշ քաղաքում է ապրում, ես՝ ուրիշ: Բայց, կարծում եմ, նրա պրոմոութերները տեղեկացրած կլինեին, որ գոտու պաշտպանությունդ հավանական է կայանա հայ բռնցքամարտիկի հետ: Լավ կլիներ, որ լիներ. Ես ինքս էլ կուզեի ու կարծում եմ հետաքրքիր կանցներ: Ամեն դեպքում՝ չեմ ափսոսում, քանի որ WBC-ն կարգով ավելի բարձր վարկած է եւ էլ ավելի հետաքրքիր մենամարտ է ինձ եւ իմ երկրպագուներին սպասվում:

Նոր պրոմոութերական ընկերության հետ եմ աշխատում՝ Petkos BoxPromotion-ի: Արդեն կնքվել է մեկ տարվա պայմանագիր գերմանական հեռուստաալիքներից մեկի հետ եւ իմ մենամարտերը ցուցարդվելու են ուղիղ հեռարձակմամբ: Ի դեպ, այժմ Հայաստանում գնում են քննարկումներ, մենամարտս ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու համար:

Լեոն, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին տալիս է հնարավորություն ուժերը փորձել նաեւ Օլիմպիական խաղերում՝ արդեն նոր կանոնակարգով՝ առանց սահմանափակումների: Երբեւէ մտածե՞լ ես ՕԽ-ում հանդես գալու մասին:

Իրականում տեղյակ չէի, որ պրոֆեսիոնակ բռնքամարտիկներին եւս տրվում է հնարավորություն նվաճելու օլիմպիական ուղեգիր: Երբեք չեմ մտածել Օլիմպիական խաղեր գնալու մասին: Կարծում եմ՝ դժվար կլինի պրոֆեսիոնալից սիրողականի անցումը, իսկ Օլիմպիական խաղերը սիրողականների համար է ավելի շատ եւ ճիշտ կլինի, որ այնտեղ իրենց ուժերը փորձեն հենց սիրողականները: Բայց եթե պրոմոութերական ընկերությունս որոշի, որ պետք է մասնակցել եւ փորձել վարկանիշ ձեռք բերել, կմասնակցեմ: Բայց չեմ կարծում նման բան լինի: Առայժմ մեկ տարվա պայմանագիր ունեմ նոր պրոմոութերիս հետ եւ այս մեկ տարվա ընթացքում պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհի չեմպիոնի գոտու ձեռնոց նետեմ եւ նվաճեմ, քանի որ արդեն ժամանակն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով