18:12  ,  30 նոյեմբերի, 2018

«Ալաշկերտի» նախագահ. Խզել ենք Արտյոմ Սիմոնյանի պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել նրան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:

Պատճառների մասին պատմել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը: Նա հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով:

«Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը:

Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով, դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Եկեք չմոռանանք, թե ինչ ծախսեր են անում ակումբներն իրենց ֆուտբոլիստների հետ կապված և ոչ ոք չի ցանկանա հենց այնպես բաժանվել իր խաղացողից: Սակայն, «ինկոգնիտո» բանակցությունների օգնությամբ և «ոսկե սարեր» խոստանալով որոշ մարդիկ պարզապես հեղաշրջում են ֆուտբոլիստին և մեծապես ազդում նրա որոշման վրա: Բայց երբ խոսք է գնում նույնիսկ չնչին գումարային կոմպենսացիայի մասին, այդ ակումբների հետաքրքրվածությունը ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես անհետանում է:

Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ ավելի ուժեղ առաջնություններում հանդես եկող արտասահմանյան ակումբներից հրավերի դեպքում ես չեմ խոչընդոտում մեր ֆուտբոլիստների տեղափոխությանը: Օրինակ` Կամո Հովհաննիսյանի պարագայում, ում թույլատրեցի տեղափոխվել Ղազախստան` չնայած, որ նա պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտի» հետ:

Բայց կոնկրետ հայկական ակումբների միջև փոխհարաբերությունները և գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակով ևս մեկ անգամ կոչ եմ անում ակումբի սեփականատերերին, ղեկավարներին և մարզիչներին մեծ ուշադրություն դարձնել վերոնշյալ արատավոր պրակտիկային և համապատասխան քայլեր ձեռնարկել` այն վերացնելու համար»,- նշեց Բագրատ Նավոյանը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արտյոմ Սիմոնյանին` համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում