11:21  ,  29 նոյեմբերի, 2018

Դավիթ Թորոսյանը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Դավիթ Թորոսյանը կշարունակի զբաղեցնել բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, որը հանդիպել է մարզիչների հետ:

«Այսօր հանդիպում եմ ունեցել մարզչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի այն մարզիչների անունները, որոնք կնախապատրաստեն հավաքականներին գալիք տարում կայանալիք մրցաշարերի համար: Մեծահասակների հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը (Գյումրի): Իմ որոշմամբ հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարկարյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը, իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը (Վանաձոր): Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատի նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Թորոսյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձել էր 2016-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Կարեն Աղամալյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում