01:04  ,  29 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ Կիեւում. Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը

Լոնդոնի «Արսենալը» ժամանել է Կիեւ՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպմանը: Անգլիական թիմը Ուկրաինայի մայրաքաղաքում կմրցի Պոլտավայի «Վորսկլայի» հետ: Նախախաղային ասուլիսին մասնակցել է նաեւ «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ողջունում եմ բոլոր երկրպագուներիս Ուկրաինայում: Ուրախ եմ, որ վերադարձել եմ այստեղ: Քանի որ ես խաղացել եմ Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Շախտյորում», ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը:

Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում, հիմա էլ պատրաստ ենք խաղալ Կիեւում: Մեզ համար տարբերություն չկա: Կարող էինք մեկնել նաեւ Պոլտավա: Բայց որոշումն ընդունված է: Ափսոս, իհարկե, Պոլտավան, քանի որ վստահ եմ, որ քաղաքը սպասում էր այս հանդիպմանը»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Tribuna.com-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արեւելյան 10 շրջաններում հայտարարվել է ռազմական դրություն, ինչի պատճառով նոյեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը Պոլտավայից տեղափոխվել է Կիեւի «Օլիմպիական» ստադիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում