13:10  ,  28 նոյեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը՝ «Անժիի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Մախաչկալայի «Անժիի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ռուբինի» կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է ձայների 46.9 տոկոսը: Բայրամյանն առաջ է անցել ռուս պաշտպան Իգոր Կալինինից (23.5 տոկոս) եւ իրանցի հարձակվող Սերդար Ազմունից (8.7 տոկոս):

Հիշեցնենք, որ Մախաչկալայում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Խորեն Բայրամյանը «Ռուբինի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 13 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում