02:55  ,  26 նոյեմբերի, 2018

Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» եւ Սլուցկայայի «Ախթամար» տպավորիչ ծրագրերը Երեւանում (ֆոտո)

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, օլիմպիական փոխչեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, Սոչի-2014-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր, երիտասարների աշխարհի չեմպիոն, առաջին պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան եւ շատ այլ տիտղոսակիր, հայտնի գեղասահորդներ նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3 ժամից ավելի ելույթ ունեցան հայ հանդիսատեսի առջեւ:

Երեւանում մեկ երեկոյի ընթացքում կայացավ միանգամից երկու մեծ շոու. Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» եւ Իրինա Սլուցկայայի՝ «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլը:

Դեռեւս ամիսներ առաջ Երեւանի փողոցներում հայտնվեցին Եվգենի Պլյուշչենկոյին եւ Իրինա Սլուցկայային պատկերող պաստառներ՝ նոյեմբերի 25-ին կայանալիք «Սառույցի թագավորների» նոր շոուի մասին տեղեկություններով: Առաջին տպավորությունները բացասական էին, քանի որ Եվգենի Պլյուշչենյոն ոչ վաղ անցյալում՝ 2017 թվականի նոյեմբերի 27-ին էր հանդես եկել հայ հանդիսատեսի առջեւ իր շոու-ծրագրով: Կազմակերպիչներն անմիջապես շտկեցին ստեղծված իրավիճակը եւ Երեւանում կազմակերպեցին մամուլի ասուլիս միայն Իրինա Սլուցկայայի մասնակցությամբ, որտեղ հայտարարվեց «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլի համաշխարհային պրեմիերայի մասին: Գեղասահորդուհին էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր դերակատարմամբ ներկայացումը Եվգենի Պլուշչենկոյի հետ որեւէ կապ չունի եւ դա լինելու է իր շոուն, իսկ կրկնակի օլիմպիական չեմպիոնն իր «Սառույցի թագավորները» շոուով կլրացնի երեկոն:

Գեղասահքի մեծ երեկոն բացվեց «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլով, որի գլխավոր դերակատարը օլիմպիական փոխչեմպիոն Իրինա Սլուցկայան էր: Հայ հանդիսատեսը սպասում էր, որ գլխավոր հերոսուհու կերպարում տեսնելու է հենց Իրինա Սլուցկայային, բայց իրականում լեգենդի գլխավոր հերոսուհուն՝ Թամարին, խաղում մեկ այլ ռուս գեղասահորդուհի, իսկ Իրինա Սլուցկայան ներկայացման տանող գիծ էր՝ հեդլայները, ով մարմնավորում էր կրակի աստվածուհուն: Արտաշես արքայի, Թամարի, Ազատի եւ մյուսների կերպարներով ողբերգական սիրո մասին պատմող հայկական լեգենդը շատ հաջող ներկայացրեցին ռուս գեղասահորդները՝ մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Արտաշես արքայի դերում Արթուր Դմիտրիեւն էր, Թամարի՝ Անաստասիա Մարտյուշեւան, Ազատին մարմնավորել էր Կոնստանտին Գավրինը: Ներկայացման մեջ էպիզոդիկ դեր խաղաց նաեւ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: 

Առաջին անգամ սառույցի վրա ներկայացվեց Հայաստանի բնապատկերը, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Ներկայացում-մյուզիքլի գաղափարի հեղինակները մանրակրկիտ աշխատել էին հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում պատրաստելու համար, քանի որ մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը մի շնչով հետեւում էր բեմադրությանը: Մյուզիքլի համար գրվել էր հատուկ երաժշտություն՝ հայկական դուդուկով, որի հեղինակը կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին էր: Տպավորիչ էր նաեւ հատուկ բեմադրության համար կարված հագուստը՝ հայկական նախշերով: Ի դեպ հագուստների հեղինակը դիզայներ Կարինե Դնոյանն էր:  «Ախթամարը» սիրվեց հայ հանդիսատեսի կողմից, ինչի վառ ապացույցը բեմադրության ավարտին հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունների տարափն էր, չնայած նրան, որ ընդմիջման ընթացքում ներկաներից շատերը քննարկում եւ դժգոհում էին Իրինա Սլուցկայային սառույցի վրա քիչ տեսնելուց եւ Թամարի կերպարը չխաղալուց:

Մինչ մարզահամերգային համալիրի ետնաբեմում եւ սպասասրահում քննարկվում էր Իրինա Սլուցկայայի «Ախթամարը», հանդիսատեսի շարքերը չլքած հայ երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյին: 15 րոպե ընդմիջումից հետո, թվում էր, թե մարզադահլիճի նստարանները կիսով չափ կդատարկվեն 1 ժամից ավել տեւած ներկայացում-մյուզիքլից հետո, սակայն երբ հայտարարվեց երեկոյի երկրորդ մասի մեկնարկը, դահլիճը կրկնակի լցվեց, առանց որեւէ ազատ տեղ անգամ թողնելու: Սռաջինը սառույց դուրս եկավ Պլյուշչենկոն եւ մարզահամերգայինն ուղղակի պայթեց ցնծությունից: Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց արդեն 4-րդ անգամ Երեւանում ելույթ ունեցող Եվգենի Պլյուշչենկոյին եւ նրա թիմին:

Տարբեր  համարներով, մենասահքով եւ զուգապարերով, բարդ ու վտանգավոր պտույտներով եւս 2 ժամ հայ երկրպագուները վայելեցին սառույցի վարպետների ելույթները: Եվգենի Պլյուշչենկոն երկու համարով հանդես եկավ՝ մեկնարկում եւ ավարտին: Հայ հանդիսատեսի համար արդեն երկրորդ անգամ տպավորիչ համարով պարեց օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան, ում եւս հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց: Սառցե թագավորների շոուի ավարտին հանդիսատեսը չէր ցանկանում բաց թողնել Պլյուշչենկոյին, իսկ երկրպագուները ծաղկեփնջերով եւ հեռախոսներով՝ սելֆի անելու ակնկալիքով , շրջապատել էին սառույցը, սակայն Պլյուշչենկոն միայն սիրո խոստովանություն արեց հայ երկրպագուներին, ծաղկեփնջերը վերցրեց եւ հեռացավ՝ հրաժարվելով լուսանկարվել որեւէ մեկի հետ: «Սառույցի թագավորներ» շոու-ծրագրում առանձին համարներով հանդես եկան նաեւ գեղասահքի Հայասստանի հավաքականի առաջատարներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:

«Անչափ շնորհակալ եմ այն սիրո եւ ջերմության համար, որ տալիս եք ինձ, մեզ մեր յուրաքանչյուր հանդիպմանը Հայաստանում: Ես զգում եմ՝ դուք սիրում եք գեղասահքը, սիրում եք, երբ մենք սահում ենք ձեր համար եւ ինձ համար շատ հաճելի է ելույթ ունենալ այստեղ: Չեմ հիշում, թե սա մեր որերրորդ հանդիպումն է՝ 4-րդ, թե 5-րդ: Բայց ամեն անգամ զգում եմ այն ջերմությունն ու սերը, որ գալիս է ձեզնից: Այդ պատճառով ես նորից եմ գալու Հայաստան՝ նոր, ավելի հետաքրքիր ծրագրով, նոր ու հայտնի գեղասահորդներով: Սիրում եմ Ձեզ, հայեր»,- ներկայացման վերջում ասաց Եվգենի Պլյուշչենկոն դիմելով իրեն ոտնկայս ծափահարող հայ հանդիսատեսին:

Եվգենի Պլյուշչենկոն հեռացավ, վերադառնալու խոստումով, իսկ «Ախթամարը» երեւանյան պրեմիերայից հետո մեկնեց մեծ համաշխարհային շրջագայության ՝ ԱՄՆ-ից մինչեւ ամենահեռավոր երկրներ, որտեղ քիչ, թե շատ հայկական համայնք կան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում