21:03  ,  23 նոյեմբերի, 2018

Հակոբ Սերոբյանը՝ Գերմանիայից․ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը եզրափակիչում են

Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել Գերմանիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ: Նոյեմբերի 23-ին եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաեւ Արթուր Դավթյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայի Գոթբուս քաղաքից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկներն այս օրերին մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկության 8-րդ փուլին: Հայաստանի թիմի կազմում հանդես են գալիս Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն), Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր):

«Արդեն կայացել են 3 գործիքների որակավորման փուլերը: Մենք մասնակցել ենք նժույգի թափերի եւ օղակների վարժություններին: Այս գավաթի խաղարկությանը մասնակցում են աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկները: Նժույգի վարժությունում փայլուն հանդես եկավ մեր առաջատարը՝ Հարություն Մերդինյանը: Նա առաջին արդյունքով դուրս եկավ եզրափակիչ եւ աշխարհի առաջնությունում անհաջող մրցելույթից հետո ապացուցեց, որ ուժեղ է: Մերդինյանն իր վարժությունը փայլուն կատարեց, ինչի համար շատ ուրախ եմ: Օղակների վարժությունում հանդես եկան Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը: Արթուր Թովմասյանը 5-րդ տեղի արդյունքով դուրս եկավ եզրափակիչ: Վահագն Դավթյանը 10-րդ տեղը զբաղեցրեց եւ երկրորդ ռեզերվով է եզրափակիչում: Նրանք արեցին հնարավորությունների չափով, գոհ եմ բոլորի մասնակցությունից: Այստեղ շատ ուժեղ պայքար է։ Օրինակ՝ Չինաստանը, Ռուսաստանը, որոնք ունեին առանձին գործիքների վրա շատ ուժեղ մարզիկներ, աշխարհի առաջնությանը չէին ներկայացրել իրենց մարզիկներին՝ շեշտը դնելով թիմային պայքարի վրա: Իսկ արդեն աշխարհի գավաթի խաղարկությունում այս նույն երկրները ներկայացել են անհատական գործիքներում իրենց ուժեղագույն մարմնամարզիկներով:

Նոյեմբերի 23-ին պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հենացատկ, պտտաձող եւ զուգափայտ վարժությունների որակավորման փուլում: Հիմնական պայքարը լինելու է հենացատկում, բայց կմասնակցենք նաեւ մյուս երկու գործիքների որակավորման փուլերին: Չնայած այս երկու գործիքների վրա հնարավորություններ չունենք, բայց քանի որ Արթուրը նաեւ բազմամարտիկ է, մեր ուժերը կփորձենք նաեւ այս վարժություններում: Գնում ենք հենացատկի լավ արդյունքների հետեւից: Եզրափակիչները կայանալու են նոյեմբերի 24-ին եւ 25-ին: Առաջին օրը կանցկացվեն ազատ վարժությունների, նժույգի եւ օղակների եզրափակիչները, որոնց կմասնակցեն Հարություն Մերդինյանն ու Արթուր Թովմասյանը։ Հաջորդ օրը հենացատկի, զուգափայտի ու պտտաձողի եզրափակիչներն են։ Դրանց կմասնացի Արթուր Դավթյանը, եթե այսօր հաջող հանդես գա որակավորման փուլում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության սպասարկող մրցավարների թվում է նաեւ Հայաստանը ներկայացնող Արթուր Գյուրջինյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում