17:21  +04,  23 նոյեմբերի, 2018

Քրեական գործ՝ ՀԹՖ-ի դեմ

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով ֆեդերացիայի գումարների յուրացման, խմբակային խարդախության մեղադրանքներով: Գործը հարուցված է ՀԹՖ գործող ղեկավարության նկատմամբ, ի դեմս՝ ֆեդերացիայի փոխնախագահ Վահրամ Ղահրամանյանի եւ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետի համաձայն։ Քրգործը հարուցվել է ոստիկանության կողմից, իսկ նախաքննությունը կիրականացնի Քննչական կոմիտեն»,– NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում լարված իրավիճակ է. ֆեդերացիան պառակտված է, մի խումբ թաեքվոնդոիստներ, մարզիչներ, դժգոհում են գործող ղեկավարության անօրինականություններից: Միմյանց հանդեպ հնչող մեղադրանքները հիմնականում առնչվում են ՀԿ-ների մասին օրենքների խախտմանը, գումարների շորթմանն ու յուրացմանը: Ֆեդերացիայի գործող կազմի գործունեությունից բողոքող կողմը Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, ՀԹՖ  «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանն է: Նրա խոսքով, ֆեդերացիայի ղեկավար կազմը անօրինական գործունեություն է ծավալում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վրեժ Խաչիկյանը հայտնել էր, որ մի շարք խարդախությունների եւ համակարգում կոռուպցիայի կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել մի խումբ ծնողների հետ, որպեսզի ուսումնասիրվի Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի 2012 թվականից մուտք գործած ֆինանսների ծախսը:

Ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը հերքում է բոլոր մեղադրանքները եւ փաստում, որ ունի բոլոր ապացույցները, փաստաթղթերը՝ ֆեդերացիայի արդար եւ մաքուր գործունեության վերաբերյալ եւ որ ֆեդերացիա մուտք գործած  ֆինանսներից ոչ մի լումա չի յուրացվել:

Քրեական գործը հարուզվել է քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն է՝ յուրացնել կամ վատնել խոշոր չափերով, որը պատժվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկ չափով կամ ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ֆեդերացիայի նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, որի լիազորությունները լրացավ 2018 թվականի նոյեմբերի 4-ին: Նոր նախագահ դեռեւս չի ընտրվել, քանի որ ֆեդերացիան չի կարողանում համագումար հրավիրել՝ ստեղծված իրավիճակից ելնելով: Ի դեպ, ֆեդերացիայի պատվավոր նախագահը Մանվել Գրիգորյանն է:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ