01:36  ,  20 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը փրկվեց խայտառակությունից Վադուցում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Վադուցում անցկացրեց Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ եւ միայն խաղավերջում խուսափեց պարտությունից՝ 2:2:

Հայաստանի հավաքականը հաշիվը բացեց 9-րդ րոպեին: «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում:

Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը: Հեռվից կատարած անհավանական հարվածով գոլի հեղինակ դարձավ իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Մարսել Բուխելը:

47-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականն օգտվեց «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի սխալ հետփոխանցումից, եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» կիսապաշտպան Նիկոլաս Հասլերը հաշիվը դարձրեց 2:1:

Դրանից հետո Հայաստանի հավաքականը բազմաթիվ վտանգավոր պահեր ունեցավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն հաշիվը հավասարեցրեց միայն 85-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գլխի հարվածով արդյունավետ եզրափակեց Գեւորգ Ղազարյանի փոխանցումը՝ 2:2:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 80-րդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում:

Լիխտենշտեյնի հավաքականը 182-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Հայաստանը 101-րդն է:

Խմբի մյուս խաղում առաջատար Մակեդոնիան ընդունեց Ջիբրալթարին եւ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Մակեդոնացիները չորրորդ խմբում 15 միավորով գրավեցին առաջին տեղը,  դուրս եկան C դիվիզիոն եւ նվաճեցին 2020 թվականին D դիվիզիոնի չորս ուժեղագույն թիմերի հետ անցումային հանդիպումներում Եվրո-2020-ի ուղեգրի համար պայքարելու իրավունք:

Հայաստանի հավաքականը 10 միավորով մնաց երկրորդ տեղում: Ջիբրալթարը վաստակեց 6, Լիխտենշտեյնը՝ 4 միավոր:

Ազգերի լիգա, D դիվիզիոն, չորրորդ խումբ, 6-րդ տուր

Լիխտենշտեյն - Հայաստան՝ 2:2

Մարսել Բուխել, 44, Նիկոլաս Հասլեր, 47 - Սարգիս Ադամյան, 9, Ալեքսանդր Կարապետյան, 85

Հայաստան. Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան (Ալիկ Առաքելյան, 88), Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան (Ալեքսանդր Կարապետյան, 72), Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս