20:50  ,  19 նոյեմբերի, 2018

Արթուր Ոսկանյանն ամփոփեց Հայաստանի Մ-19 հավաքականի պարտությունները երեւանյան մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփել է Երեւանի միջազգային մրցաշարը, որին իր ղեկավարած թիմի հետ մասնակցեցին Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները:

«Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում: Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է Առաջին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում:

Մի խոսքով բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց փորձեցինք խաղալ ֆուտբոլ նման հզոր հավաքականների դեմ: Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս է ոչ թե ֆիզպատրաստության մարզիչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել:

Առաջին հերթին, մենք և ֆուտբոլիստները հասկացանք, թե ինչքան հզոր հավաքականներ են և նման խաղերին պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան, և ես կարծում եմ, որ նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու, ինչու չէ, իրենց ֆիզիկական վիճակը բարելավեն»,- Արթուր Ոսկանյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 թիմը 0:7 հաշվով պարտվել է Գերմանիային, 0:4 հաշվով՝ Հոլանդիային, 1:5 հաշվով՝ Պորտուգալիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս