16:19  ,  19 նոյեմբերի, 2018

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

Չեմ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կպասիվանանք քաղաքանության մեջ եւ կապրեմ ավելի ակտիվ սպորտային կյանքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

«Չեմ մասնակցելու ԱԺ ընտրություններին: Ոչ վաղ անցյալում ես դուրս եմ եկել ՀՀԿ-ից եւ ինձ պատիվ չի բերում մեկ այլ կուսակցությունից առաջադրվելը: Այս շրջանում ավելի շատ սպորտային կյանքով կապրեմ, ավելի շատ ժամանակ կունենամ ֆեդերացիայի աշխատանքներով զբաղվելու համար, քանի որ առջեւում նախաօլիմպիական եւ օլիմպիական տարի է: Կարծում եմ՝ այս փուլում իմ ջանքներն ու ներդրումն ավելի կարեւոր է, իսկ քաղաքականության մեջ մի փոքր կպասիվանամ»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահն անդրադարձավ նաեւ բռնցքամարտում փոփոխություններին:

«Ցանկանում եմ, որ Հայաստանի առաջնությունները հասնեն ամերիկյան մոդելին: Ես մեկ անգամ մասնակցեցի ԱՄՆ-ի առաջնությանը եւ հաճելիորեն զարմացա, որ մրցավարները չեն վարձատրվում ներքին առաջնությունը սպասարկելու համար: Իսկ մրցավարները մասնագիտությամբ դատավորներ են, բժիշկներ, ովքեր որակավորում են անցել եւ այդպես իրենց ներդրումն են անում իրենց բռնցքամարտում եւ գումար չեն ստանում դրա համար: Մենք եւս կստեղծենք այդպիսի հնարավորություն, որ բոլոր ցանկացողները գան, դասընթացներ անցնեն եւ մրցավար աշխատեն Հայաստանի առաջնություններում՝ մինչեւ անգամ հասնեն միջազգային կարգի մրցավարի:

Ինչ վերաբերում է բողոքարկման հնարավորությանը, կարիք չենք ունենալու գումարով լի պայուսակով մեկնել մրցաշարերի: Եթե մեր մարզիչները համոզված կլինեն, որ իրենք կանոնների խախտում են տեսել, մրցավարական անարդարություն ռինգում եւ օգտագործեն բողոքարկելու իրենց հնարավորությունները, այդ ամենը կվճարի ֆեդերացիան՝ մրցաշարերից հետո: Մեզ կուղարկեն համապատասխան տեղեկանքներ վճարման ենթակա գումարի չափով: Պատասխանատվության մեծ մասն ընկնում է մարզիչների վրա, քանի որ իրենք պետք է գիտակցեն, որ բողոքարկելու դեպքում չեն պարտվելու: Եթե մրցաշարերի ընթացքում մեր մարզիչներն օգտագործեն իրենց ունեցած 2 բողոքարկման հնարավարությունը եւ երկուսում էլ սխալվեն, ու ֆեդերացիան վճարի 2000 դոլարը, մենք կհրավիրենք գործադիր մարմնի նիստ եւ մարզիչը պատասխան կտա, թե ինչ հիմքերով է բողոքարկել: Ով գումարով եւ կաշառքով չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, ոչ մի պատիժ չի լինելու: Սահմանափակումներ չենք դնելու այդ մարզիկների վրա: Ուղղակի նրանք այս շրջանում դուրս մնացին խաղից՝ դուրս մնալով Հայաստանի առաջնությունից: 2019 թվականին կլինի Հայաստանի նոր առաջնություն եւ այդ ժամանակ նոր մարզիկները կարող են փորձել իրենց ուժերը»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում