01:38  ,  19 նոյեմբերի, 2018

Իսպանիայի հավաքականը հրաժեշտ տվեց Դավիդ Սիլվային եւ հաղթեց ընկերական խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Լաս Պալմասում ընկերական հանդիպում անցկացրեց Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով: Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Վիգոյի «Սելտայի» 21-ամյա կիսապաշտպան Բրաիս Մենդեսը (տեսանյութ):

Լաս Պալմասում կայացած խաղից առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն հայտնեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որն այս տարի ավարտել էր կարիերան ազգային թիմում: Սիլվան դաշտ դուրս եկավ որդու հետ եւ կատարեց հանդիպման առաջին հարվածը:

Դավիդ Սիլվան Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 2006-2018-ը՝ 125 խաղում խփելով 35 գոլ: Ազգային թիմի հետ նա 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն ու 2 անգամ հաղթել Եվրոպայի առաջնություններում (2008, 2012):

Ընկերական հանդիպում

Իսպանիա – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 1:0

Բրաիս Մենդես, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում