23:38  ,  18 նոյեմբերի, 2018

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Լոնդոնում անցկացած ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում:

Սերբ թենիսիստի նկատմամբ ռեւանշի հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, որը հաղթեց 6:4, 6:3 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 21 րոպե: Երրորդ տարին անընդմեջ ATP-ի ամփոփիչ մրցաշարն ունեցավ նոր հաղթող:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ջոկովիչը հաղթել էր հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին, իսկ Զվերեւն ուժեղ էր գտնվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից: Այս մրցաշարի խմբային փուլում Ջոկովիչը Զվերեւին հաղթել է 6:4, 6:1 հաշվով:

ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8 միլիոն դոլար է: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում