22:05  ,  18 նոյեմբերի, 2018

Հայ ըմբիշները մեդալ չնվաճեցին Մ-23 աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Նոյեմբերի 18-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ), որոնք պարտություն կրեցին:

Նախօրեին կիսաեզրափակիչում պարտություն կրած Անդրանիկ Գաբրիելյանը բրոնզե մեդալը վիճարկեց իրանցի Մորադ Զանգանեհի հետ եւ պարտվեց ժամանակից շուտ՝ 0:10:

Սարգիս Հովսեփյանը նախօրեին որակավորման փուլում պարտվել էր 4:11 հաշվով, իսկ նրան հաղթած ըմբիշը հասել էր եզրափակիչ: Նոյեմբերի 18-ին Հովսեփյանը սփսփիչ գոտեմարտերում հաղթեց ղազախ (4:3) եւ հնդիկ (12:2) ըմբիշների, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:4 հաշվով պարտվեց ուկրաինացի Բոհդան Հրիցային:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել էին նաեւ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք անհաջող էին հանդես եկել:

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Մ-23 աշխարհի առաջնությանը մասնակցել էին նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Սերյոժա Բերնեցյանը (77 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում