Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբում հաղթեց Անգլիայի հավաքականը, որը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Խմբային փուլի վերջին խաղում անգլիացիները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեցին աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին եւ կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով (տեսանյութ):
Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց գերմանական «Հոֆենհայմի» խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը, սակայն վերջնամասում դաշտի տերերը խփեցին 2 գոլ եւ տարան կամային հաղթանակ: Անգլիայի հավաքականին հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի եւ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի դիպուկ հարվածները:
4 խաղերից հետո անգլիացիները հավաքեցին 7 միավոր եւ 1 միավոր առաջ անցան Իսպանիայի հավաքականից: Խորվաթները 4 միավորով երրորդ տեղը գրավեցին խմբում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ A դիվիզիոնից փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել Պորտուգալիան, որը նաեւ կընդունի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարը:
Ազգերի լիգա, 6-րդ տուր
A դիվիզիոն
Չորրորդ խումբ
Անգլիա – Խորվաթիա՝ 2:1
Ջեսի Լինգարդ, 78, Հարի Քեյն, 85 – Անդրեյ Կրամարիչ, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում