17:22  +04,  18 նոյեմբերի, 2018

Ուսեյն Բոլթը կհեռանա ֆուտբոլից, եթե պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կհեռանա ֆուտբոլից, եթե որեւէ ակումբի հետ պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը: Այդ մասին 32-ամյա ջամայկացին հայտնել է NBC Sports-ի հետ հարցազրույցում:

«Առաջարկներ ունեմ տարբեր ակումբներից: Այժմ ընտրում եմ ամենահամապատասխանը: Որոշում կկայացնեմ մինչեւ նոյեմբերի ավարտը: Կամ պայմանագիր կկնքեմ ակումբի հետ, կամ կրաժեշտ կտամ ֆուտբոլային երազանքին»,- ասել է Բոլթը, որը վերջերս հեռացել էր  ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջամայկացի նախկին արագավազորդը հրաժարվել է պայմանագիր կնքել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ, որը տարեկան 150 հազար դոլար աշխատավարձ էր առաջարկել նրան։ Բոլթն ակնկալում էր ավելի բարձր աշխատավարձ։

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: Հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Ուսեյն Բոլթն օգոստոսից է մարզվում ավստրալական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս