18:04  ,  16 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականը կորուստներ ունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ջիբրալթարի թիմի դեմ Ազգերի լիգայի 5–րդ տուրից հանդիպումից առաջ ունի կադրային կորուստներ։

«Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցի հանդիպմանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով: «Ալաշկերտի» պաշտպան Լևոն Հայրապետյանի մասնակցությունը ևս հարցականի տակ է, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղանը Ջիբրալթարի հետ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով, բայց պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ հաջորդ խաղին:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում