15:15  ,  16 նոյեմբերի, 2018

Ալեքսանդր Կարապետյան. Հայաստանի հավաքականից ստացած հրավերն ավելի շատ ուժ տվեց ինձ

Հիմա ես հրաշալի մարզավիճակում եմ: Հուսով եմ՝ դա կցուցադրեմ խաղադաշտում եւ կարդարացնեմ սպասելիքները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը 4 տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերին:

Գերմանական ֆուտբոլային դպրոցի սանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Այդ տարի նա մասնակցեց սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանն ու Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղին, ինչից հետո այլեւս չէր հրավիրվում ազգային թիմ:

4 տարվա ընդմիջումից հետո դու դարձյալ հրավիրվել ես Հայաստանի հավաքական: Այս ընթացքում սպասում էիր, որ դարձյալ հրավեր կստանաս հավաքականից:

Անցել է երկար ժամանակ, սակայն ես ջանասիրաբար աշխատում եմ ամեն օր: Ազգային հավաքական վերադառնալու համար երբեք կանգ չեմ առել:

Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում դարձար 29 գոլի հեղինակ եւ երկրորդ տեղը գրավեցիր ռմբարկուների ցուցակում, իսկ այս մրցաշրջանում խփել ես ընդամենը 3 գոլ: Արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ Լյուքսեմբուրգի առաջնությունը դարձել է ավելի ուժեղ:

Լյուքսեմբուրգի ֆուտբոլն առաջադիմում է ամեն տարի: Սակայն այս տարի ես լիցենզիայի հետ կապված խնդիրներ ունեի իմ ընկերություններում եւ առաջացել էին որոշ հարցեր, որոնց պատճառով բաց թողեցի մարզումներ: Սակայն վերջին 2 շաբաթներին վերադարձել եմ ինտենսիվ մարզումներին:

Ի՞նչ մարզավիճակում ես հիմա: Ի՞նչ սպասենք քեզանից առաջիկա խաղերում:

Հիմա ես հրաշալի մարզավիճակում եմ: Հուսով եմ՝ դա կցուցադրեմ խաղադաշտում եւ կարդարացնեմ սպասելիքները:

Հայաստանի հավաքականում բացակայության ընթացքում կապ պահպանո՞ւմ էիր ազգային թիմի խաղացողների հետ:

Հավաքականի խաղացողների ելույթներին հետեւում եմ, բայց կապ պահպանում էի միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:

Հայաստանի հավաքականն առաջիկա 2 խաղերն անցկացնելու է հյուրընկալվելիս: Ըստ քեզ՝ ինչ մարտավարությամբ պետք է խաղալ Ջիբրալթարի ու Լյուքսեմբուրգի հավաքականների հետ, որոնք եվրոպական ամենաթույլ թիմերից են:

Կարծում եմ՝ փոքր հավաքականների դեմ պետք է ցուցադրել հարձակողական ֆուտբոլ եւ, դիմելով պրեսինգի, թույլ չտալ խաղալ մրցակցին:

Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիր, որ Հայաստանի հավաքականում նորամուտից հետո քո խաղաոճը լիովին փոխվել է այս ընթացքում: Ո՞ր խաղային դիրքում ես ամենահարմարավետը զգում քեզ:

Այո, այժմ ես բոլորովին այլ խաղացող եմ: Դարձել եմ ավելի ինքնավստահ ու ագրեսիվ խաղացող: Առջեւի գծում կարող եմ խաղալ բոլոր դիրքերում:

Լյուքսեմբուրգի առաջնության նախորդ տուրում դու դարձար դուբլի հեղինակ, իսկ մինչեւ այդ ընդամենը մեկ գոլ էիր խփել այս մրցաշրջանում: Արդյո՞ք Հայաստանի հավաքականից ստացած հրավերը ոգեւորեց քեզ այդ խաղից առաջ:

Իհարկե, դա շատ ոգեւորեց ինձ՝ տալով ավելի շատ ուժ:

«Պրոգրես Նիդերկորնն» այնքան էլ հաջող չի մեկնարկել այս մրցաշրջանում եւ 11-րդ տուրից հետո 6-րդ տեղում է: Ի՞նչ որ բան փոխվել է թիմում:

Այս մրցաշրջանում մենք կորցրեցինք մեր ամենակարեւոր խաղացողներից մեկին՝ Օլիվեր Թիլին: Փոխվեց նաեւ մարզիչը եւ մի շարք խաղացողների խանգարեցին վնասվածքները: Սակայն մենք արդեն վերգտել ենք մեր խաղը:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս