14:30  ,  16 նոյեմբերի, 2018

Ջիբրալթար - Հայաստան խաղում կաշխատեն նորվեգացի մրցավարներ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ջիբրալթարի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում կաշխատեն նորվեգացի մրցավարներ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կայ Էրիկ Սթինը, որին եզրերում կօգնեն Յան Էրիկ Էնգանը եւ Յոն Միխայել Կնուտսենը:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ: Մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղանը Ջիբրալթարի հետ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով, բայց պատրաստ կլինի Լիխտենշտեյնի դեմ հաջորդ խաղին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում