16:10  ,  16 նոյեմբերի, 2018

Ուեյն Ռունի. Սա ուղեւորություն էր, որը երբեք չեմ մոռանա (ֆոտո)

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականում վերջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: 33-ամյա անգլիացին նախօրեին մասնակցեց ԱՄՆ-ի հավաքականի դեմ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած ընկերական խաղին (3:0), որում փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին:

«Շնորհակալություն բոլոր անգլիացի երկրպագուներին այսօրվա աջակցության ու բոլոր տարիների համար, ես գնահատում եմ դա: Սա ուղեւորություն էր, որը երբեք չեմ մոռանա»,- թվիթերյան էջում գրել է Ռունին:

Հիշեցնենք, որ դա Ռունիի 120-րդ հանդիպումն էր Անգլիայի հավաքականի կազմում: Ազգային թիմում անցկացրած խաղերի ցուցանիշով նա զիջում է միայն լեգենդար դարպասապահ Պիտեր Շիլտոնին (125 խաղ):

Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականում չէր խաղում 2016 թվականից: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է 53 գոլով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում