09:50  ,  15 նոյեմբերի, 2018

Ռիբերին ներողություն է խնդրել լրագրողից, որին ապտակել էր

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ներողություն է խնդրել beIN Sports-ի լրագրող Պատրիկ Գայուից, որին ապտակել էր Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» կրած 2:3 հաշվով պարտությունից հետո, փոխանցում է Bild-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբը միջադեպի համար 35-ամյա ֆուտբոլիստին կպատժի միայն այն ժամանակ, երբ նա կհանդիպի լրագրողի հետ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացուն դուր չէր եկել լրագրողի քննադատությունը նրա խաղի վերաբերյալ: Գայուն նշել է, որ «Բավարիայի» բաց թողած 2 գոլերում կար Ռիբերիի մեղավորությունը, ինչից հետո ֆրանսիացին անպատվել է լրագրողին, հրել, հարվածել ու հեռացել:

Միջադեպից հետո Ռիբերին տեղի ունեցածի մասին հայտնել է «Բավարիայի» ղեկավարությանը:

Բունդեսլիգայի 11-րդ տուրից հետո «Բավարիան» 20 միավորով 5-րդ տեղում է եւ 7 միավոր հետ է Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում