00:57  ,  15 նոյեմբերի, 2018

«Չելսիի» հարձակվողը դիմել է հոգեբանի օգնության

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, որ այցելում է հոգեբանի, որպեսզի դիմանա ճնշմանը:

«Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է ունենալ վստահություն: Այդ դեպքում, ամեն ինչ լավ է ընթանում: Կյանքիս այս փուլում ես հասկացա, որ միշտ պետք է մարզել սեփական հոգեբանությունը: Խնդիրը միայն ֆիզիկապես պատրաստ լինելը չէ: Երբ մարզիկը լսում է հոգեբանի մասին, միշտ ցնցվում է: Բայց ես հասկացա, որ ունեմ այդպիսի օգնության կարիք մեր բնագավառում ճնշմանը դիմանալու համար:

Սկզբում անհարմար էի զգում իմ խնդիրների մասին խոսել հոգեբանի հետ, բայց արդյունքում ես դարձյալ երջանկություն ձեռք բերեցի ֆուտբոլում: Ես դարձյալ գոլեր եմ խփում: Կշարունակեմ այցելել հոգեբանի: Իսկ սրանից առաջ մեծ ճնշման տակ էի եւ հաճույք չէի ստանում ֆուտբոլից»,- Մորատայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել էր, որ Մորատան ունի մեծ ներուժ, բայց երբեմն ամենակարեւոր պահերին թույլ է դրսեւորվում:

Մորատան ամռանը խոստովանել էր, որ անցած մրցաշրջանից առաջ Մադրիդի «Ռեալից» «Չելսի» տեղափոխվելուց հետո երջանիկ չի եղել՝ ասելով, որ անցած մրցաշրջանն աղետ էր իր համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում