23:12  ,  14 նոյեմբերի, 2018

Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանն ու Գեղամ Թորգոմյանը չնվաճեցին բրոնզե մեդալներ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ) բրոնզե մեդալի համար պայքարն ավարտեցին ձեռնունայն:

Նախօրեին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն կրած հայ ըմբիշները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրանց հաղթած մարզիկները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր:

Նոյեմբերի 14-ին կայացած սփոփիչ գոտեմարտում Արմեն Մելիքյանն ուժեղ գտնվեց գերմանացի Քրիստոֆեր Կրամերից՝ 9:0, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:10 հաշվով պարտվեց իրանցի Մեհդի Մոհսեն Նեժադին:

Գեղամ Թորգոմյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 7:4 հաշվով հաղթեց ամերիկացի Ժոզեֆ Նիելսենին, իսկ իրանցի  Մահդի Ասգար Էբրահիմիի հետ երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց 1:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել էին նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ  Սերյոժա Բերնեցյանը (77 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:7 հաշվով պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Բալբայ Դորդոկովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությունում հանդես կգան Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Թիմը մրցավայր մեկնի նոյեմբերի 15-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում