13:42  ,  14 նոյեմբերի, 2018

Սիմոն Մարտիրոսյան. Աշխարհի չեմպիոն դառնալը երազանք էր ինձ համար

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ: Երբ դրսում տեսնում եւ շնորհավորում են, այդ ժամանակ նոր գիտակցում եմ, թե ինչ եմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ ամփոփելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունը:

«Ստացվեց հաջող տարի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության ու աշխարհի առաջնության ոսկե մեդալներ: Տարին համարում եմ ամենահաջողվածը, քանի որ մեծահասակների կազմում չէի նվաճել միայն աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալը եղել է երազանք եւ նպատակ: Եթե անկեղծ՝ դեռ չեմ գիտակցել, որ աշխարհի չեմպիոն եմ: Երբ դրսում տեսնում են, շնորհավորում են, այդ ժամանակ նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,- ասաց աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը հաղթել էր երկամարտի 435  կգ (195+240) արդյունքով: Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգի երկամարտի արդյունքն էր 419 կգ: 21-ամյա Մարտիրոսյանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդ սահմանեց երկամարտում ու հրում վարժությունում:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մեկնել էր 4 մարզիկով: Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) գրավեց երկրորդ տեղը: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո ստացավ պոկում վարժությունում, իսկ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English