16:12  ,  14 նոյեմբերի, 2018

Պոլ Սքոուլզ. Անգլիայում չկա մի թիմ, որը կարող է հաղթել «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է Պրեմյեր լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին:

«Որքան շատ եմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» խաղերը, այնքան շատ եմ համոզվում, որ Անգլիայի առաջնությունում չկա մի թիմ, որը կարող է հաղթել նրանց: «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից հետո կարծում էի, որ մրցաշրջանը բարդ է լինելու նրանց համար: Սակայն դրանից հետո չտեսա մի թիմ, որը կարող է մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հավանաբար, նրանց գլխավոր մրցակիցը կլինի «Լիվերպուլը», սակայն «Մանչեսթեր Սիթիի» կազմում ավելի շատ վարպետներ կան բոլոր դիրքերում: Եթե նրանք ցուցադրեն իրենց վարպետությունը յուրաքանչյուր խաղում, ապա ոչ մի անգամ չեն պարտվի»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ 3 թիմեր պարտություն չեն կրել մեկնարկային 12 տուրերում: Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում դեռ անպարտելի են առաջատար «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» եւ լավագույն եռյակը եզրափակող Լոնդոնի «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր (10 հաղթանակ, 2 ոչ ոքի, 0 պարտություն), «Լիվերպուլը»՝ 30 (9-3-0), իսկ «Չելսին»՝ 28 (8-4-0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում